Հայ-ռուսական հարաբերություններում սուր անկյուններ չկան. Ռուսաստանում Հայաստանի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական հարաբերություններում սուր անկյուններ չկան, նախօրեին լրագրողներին հայտարարեց Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը։
«Հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմատիկ կողմեր չկան, իսկ Ռուսաստանի կառավարության կազմում տեղի ունեցած վերջին փոփոխությունները չեն կարող որևէ բացասական ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա»,- ասաց Սմբատյանը։
Նրա խոսքերով, ՌԴ կառավարության նոր ղեկավարի հանդիպումը տեղի ունեցավ հենց Հայաստանի վարչապետի հետ և անցավ փայլուն մակարդակի վրա։
«Մենք ստացանք բոլոր հարցերի պատասխանները, ունենք նոր ծրագրեր և մտադիր ենք ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 1 մլրդ. դոլարի՝ ներկայիս 700 մլն. դոլարի համեմատությամբ։ Այսպիսին է մեր ցանկությունը, և մենք դրան հասնելու բոլոր հնարավորություններն ունենք»,- ասաց Սմբատյանը։
Նա նշեց, որ ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն ռուսական կողմը խոստացել է 2008թ. բացել Վերին Լարս ՀԱԿ (հսկիչ-անցագրային կետը), բայց հայկական կողմի համար ամենակարևոր հարցը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող լաստանավերով փոխադրումների հարցն է։
«Մեկ լաստանավ արդեն աշխատում է, և մենք պետք է հասնենք այն բանին, որ աշխատի երկրորդը։ Խոստում կա, որ 2008թ. սկզբից այն կաշխատի»,- ասաց դեսպանը։
Սեպտեմբերի 24-26 պաշտոնական այցով Ռուսաստանում էր գտնվում Հայաստանի կառավարության պատվիրակությունը՝ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ --0—

