Բիշկեկում բացվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի ընդլայնված նիստը

Բիշկեկում ուրբաթ բացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի ընդլայնված նիստը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Խորհրդի աշխատանքներին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Ղրղստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Հայաստանի պաշտպանության նախարարները։ Նախարարների խորհրդի հանդիպմանը Ուզբեկստանը ներկայացնում է այդ երկրի պաշտպանության փոխնախարար Ռուստամ Նիյազովը։
«Բիշկեկում այս ձևաչափով մենք առաջին անգամ ենք հանդիպում։ Հուսով եմ, որ ձեզ հաճելի կլինի գտնվել այստեղ, իսկ մեր նիստի արդյունքը կծառայի մեր պետությունների միջև խաղաղ համագործակցության հետագա ամրապնդմանը», - բացելով Խորհրդի նիստը՝ ասել է Ղրղստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Իսակովը։
Դրանից առաջ Խորհրդի մասնակիցները անցկացրել են հանդիպում նեղ շրջանակում, որը փակ էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։
Այս տարի Ղրղստանը Բելառուսից ընդունում է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահությունը։-0-