2008թ.-ին «ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալությունը մտադիր է համագործակցել Հայաստանի հեռուստաալիքներից մեկի հետ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/.2008թ. առաջին կեսին միջազգային տեղեկատվության «ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալությունը ծրագրում է համագործակցություն սկսել Հայաստանի հեռուստաալիքներից մեկի հետ։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների գլխավոր տնօրինության տնօրեն Ալան Կասաևը։
«Մենք մտադիր ենք վստահելի և լուրջ համագործակցություն սկսել հայկական հեռուստաալիքներից մեկի հետ»,-ասաց նա՝ ձեռնպահ մնալով կոնկրետացնել, թե որ հայկական հեռուստաալիքի հետ են ստեղծվելու համագործակցային հարաբերություններ, ինչպես նաև բանակցությունների բնույթը։
Կասաևը նշեց, որ Հայաստանում «ՌԻԱ Նովոստիի» հեռանկարների մեջ է մտնում լուրջ և հեղինակավոր գործընկերոջ՝ Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի, ինչպես նաև այլ տեղեկատվական գործակալությունների հետ համագործակցության պահպանումն ու զարգացումը։
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը աշխարհի խոշորագույն տեղեկատվական գործակալություններից է։ Այն ողջ աշխարհում ունի 120 թղթակցային կետեր և ավելի քան 50 ներկայացուցչություններ՝ առաջատար երկրներում։
«ՌԻԱ Նովոստիի» տեղեկատվական արտադրանքը թողարկվում է 12 լեզուներով։ 2005-2006թթ. հղումների քանակով (200-300 հազ. օրիգինալ այցելություն) գործակալությունը Ռուսաստանում առաջատար տեղ էր զբաղեցնում և մտնում էր համաշխարհային տասնյակի մեջ։
Հայաստանում «ՌԻԱ Նովոստիի» հետ համագործակցությամբ՝ 2005թ. դեկտեմբերի 8-ից գործում է անկախ հայկական ԶԼՄ՝ միջազգային տեղեկատվության «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։–0—

