Հայ-ռուսական հարաբերությունները երկու ժողովուրդների ավանդական կապերի բնական շարունակությունն են. ՀՀ վարչապետ

Հայ-ռուսական հարաբերությունները երկու ժողովուրդների ավանդական կապերի բնական շարունակությունն են, կարծում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։
«Հայ-ռուսական հարաբերությունները բնական շարունակությունն ու զարգացումն են մեր ժողովուրդների միջեւ դարերով հաստատված ավանդական այն կապերի, որոնք հիմնված են հոգեւոր ընդհանրության եւ շահերի միասնության վրա»,-նշվում է հուշագրում, որը վարչապետը թողել է Մոսկվայի պատվավոր հյուրերի գրքում։
Ինչպես չորեքշաբթի տեղեկացրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանի կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և մամուլի վարչությունից, Սերժ Սարգսյանն անկեղծ ուրախություն է հայտնել Հայաստանի և Մոսկվայի, ինչպես նաև երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների միջև առկա բազմակողմ համագործակցությամբ, ինչպես նաև այն նշանակալի ավանդով, որոնք նրանք ներդնում են երկու երկրների հարաբերությունների խորացման և զարգացման ուղղությամբ։
«Մոսկվայի կառավարությանը եւ քաղաքապետարանին մաղթում եմ հետագա արգասավոր գործունեություն` ի շահ Մոսկվայի եւ մոսկվացիների եւ ի շահ մեր դաշնակցային հարաբերությունների զարգացման»,-նշվում է հուշագրում։
Վարչապետի ղեկավարությամբ Հայաստանի պատվիրակության Մոսկվա պաշտոնական այցի ընթացքում, սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ պատվիրակության անդամների հանդիպումը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ։--0—