Բրիտանական bmi ավիաընկերությունը Հայաստանում հայտարարում է նոր չվացուցակ և ծառայություններ
Բրիտանական bmi ավիաընկերությունը Հայաստանում հայտարարում է նոր չվացուցակ և ծառայություններ։ Ինչպես ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը փոխանցված մամուլի հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 28-ից bmi-ը սկսում է դեպի Հայաստան և Հայաստանից նոր թռիչքներ իրականացնել։
Այսպիսով, մշտական ուղիղ չվերթերը Զվարթնոց օդանավակայանից դեպի Լոնդոնի Հիթրոու Տերմինալ 1՝ կիրականացվեն ժամը 10:30՝ ամեն ուրբաթ և շաբաթ, և ժամը 11:20՝ ամեն երկուշաբթի և չորեքշաբթի:
Թռիչքները Լոնդոնի Հիթրոու Տերմինալ 1-ից դեպի Զվարթնոց օդանավակայան կիրականացվեն՝ ժամը 15:15՝ ամեն երեքշաբթի, ժամը 14:25՝ ամեն չորեքշաբթի, ժամը 13:35՝ ամեն ուրբաթ, ժամը 14:55՝ ամեն կիրակի:
Մեկնաբանելով bmi-ի մուտքը Հայաստան և ընկերության ծառայությունները՝ Հայաստանում bmi-ի կոմերցիոն տնօրեն Սիմոն Ավագյանն ասել է. «bmi-ը լի է էնտուզիազմով առ այն, թե ինչ կարող է բերել հայաստանյան շուկա: bmi-ն այժմ կառաջարկի շաբաթական 4 ուղիղ թռիչք դեպի Լոնդոն: Սա ոչ միայն թույլ կտա bmi-ի սպառողներին վայելել Լոնդոնը և Միացյալ Թագավորությունը թե բիզնեսի և թե տուրիզմի տեսանկյունից, այլև թռչել Եվրոպայի և ԱՄՆ մեծ քանակությամբ այլ քաղաքներ, ուր թռչում է bmi-ը»։
Ավագյանը նշել է, որ bmi-ը կշարունակի կենտրոնանալ՝ պահպանելու չվերթների իր գերազանց ճշտապահությունը Հիթրոույում, որտեղ, ըստ Մեծ Բրիտանիայի Քաղաքացիական ավիացիայի դեպարտամենտի տվյալների, այլ ավիաընկերությունների համեմատ՝ bmi-ն առաջատար դիրքերում է։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևան-Լոնդոն նոր չվերթի հետ զուգահեռ՝ bmi-ը նաև մեծ նորամուծություններ է իրականացրել իր ներթռիչքային ծառայությունների շրջանակներում:
BMI ընկերությունը (ավելի վաղ կոչվող British Midland) Լոնդոնի Heathrow օդանավակայանից թռիչքներ իրականացնող երկրորդ խոշոր ավիափոխադրողն է։-0-

