ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա Հայաստանի համար ամենաանցանկալի ելքը կլինի. ՀՀ վարչապետ

25.09.2007, 18:39
ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա Հայաստանի համար ամենաանցանկալի ելքը կլինի. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա Հայաստանի համար ամենաանցանկալի ելքը կլինի, երեքշաբթի Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հուսով եմ, որ այդ հարցը (ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիան Իրանի նկատմամբ) դեռ որոշված չէ. մեզ համար դա ամենաանցանկալի ելքը կլիներ։ Իրանը մեզ համար շատ կարևոր երկիր է և արտաքին աշխարհի հետ շփման ճանապարհ»,- ասաց նա։

Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը հետագայում էլ կշարունակի ամրապնդել  իր կապերն Իրանի հետ։

«Մենք անպայման կընդլայնենք այսօր կառուցվող գազատարը, քանի որ այդ գազատարը շատ առումներով մեծացնում է Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանում։ Մենք, ինչպես և ցանկացած պետություն, գործում ենք՝ մեր շահերից ելնելով։ Ես կարծում եմ, որ մեր գործողությունները՝ Իրանի հետ համագործակցությունը, արդարացված են»,- տեղեկացրեց վարչապետը։ --0—