Հայաստանի նախագահը հայտարարում է բարեփոխումները շարունակելու անհրաժեշտության մասին

24.09.2007, 11:59
Հայաստանի նախագահը հայտարարում է բարեփոխումները շարունակելու  անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները` խորացնելով դրանց սոցիալական ուղղվածությունը, հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 16-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ։

«Ներկայիս Հայաստանը կայուն զարգացման փուլում է: Տնտեսությունը սրընթաց վերելք է ապրում. ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր, զգալիորեն աճում են ազգաբնակչության եկամուտները, նվազում է աղքատությունը, բարելավվում է կյանքի որակը, վերադառնում են մեր հազարավոր քաղաքացիները, որոնք լքել էին երկիրը` իրենց գոյատևումն ապահովելու նպատակով, ձևավորվում է միջին խավ», - ասել է Ռ. Քոչարյանը։

Նրա խոսքերով, անկախության 16 տարիների ընթացքում պատվով հաղթահարվել են բազմաթիվ փորձություններ։

«Ես լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ` հասկանալով, որ դեռ շատ անելիքներ կան, ներուժը մեծ է, և մեր ժողովուրդն արժանի է ավելի լավ կյանքի: Մենք պարտավոր ենք կրկնապատկել ժամանակակից և արդյունավետ պետականության կառուցմանն ուղղված մեր ջանքերը», - նշել է Ռ. Քոչարյանը։

Նա նաև ասել է, որ Հայաստանը կշարունակի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանը, քանի որ միայն լիարժեք պետականությունը կարող է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:

«Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները ցուցադրեցին ժողովրդի հավաքական մղումը դեպի անկախություն, հավատն իրենց պետականության հանդեպ և այն պաշտպանելու կամքը», - ասել է Ռ. Քոչարյանը։

Խոսելով մայիսի 12-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ նա նշել է, որ դրանք  ցուցադրեցին իրականացվող քաղաքականության նկատմամբ ժողովրդի վստահությունը։

«Համոզված եմ, որ առաջիկա նախագահական ընտրությունները ևս կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան և բարձր վստահության մթնոլորտում։ Ընտրված քաղաքական ուղեգծի հետևողական շարունակումը Հայաստանի կայունության և առաջընթացի կարևոր գրավականն է», - համոզված է ՀՀ նախագահը։

Իր ելույթում նա նաև շոշափել է պետության Զինված ուժերի վիճակը։ «Այսօր Հայաստանը պաշտպանված է՝ շնորհիվ մեր Զինված ուժերի։ Այս տոնական օրը մեր պարտքն է՝ արժանին մատուցել ընկած հերոսներին։ Նրանց ջանքերի և կյանքի գնով է, որ Հայաստանի Հանրապետությունն ապրում է խաղաղության մեջ: Մեր հուսալի բանակը հպարտություն է ներշնչում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու», - նշել է Ռ. Քոչարյանը։

Նրա խոսքերով, համայն հայության հայրենիքը թևակոխում է զարգացման նոր փուլ՝ իր առջև դնելով ավելի հավակնոտ նպատակներ։

«Համոզված եմ, որ միահամուռ ջանքերով մենք հասնելու ենք նաև այդ նպատակներին և սերունդներին ենք ավանդելու ամուր և բարեկեցիկ երկիր», - հայտարարել է ՀՀ նախագահը։

Ուրբաթ Հայաստանը նշեց անկախության 16-րդ տարեդարձը։ Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին՝ Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ։ Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը անվավեր ճանաչվեց և հռչակվեց Հայաստանի Անկախ Հանրապետությունը։

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը կողմ էր քվեարկել:

Երկու օր անց  հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։--0—