Հայաստանի ապագան առաջին հերթին կախված է ղարաբաղյան հարցի կարգավորումից. ՀՀ նախկին նախագահ

24.09.2007, 11:15
Հայաստանի ապագան առաջին հերթին կախված է ղարաբաղյան հարցի կարգավորումից. ՀՀ նախկին նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր հայ ժողովրդի, Հայաստանի  առջև կանգնած գերագույն խնդիրը, որից կախված է Հայաստանի ապագան, մեր ժողովրդի բարօրությունը  և մեր տնտեսության բարգավաճումը, ԼՂՀ հարցի կարգավորումն է:

Այս մասին ուրբաթ Երևանում հայտարարեց Հայաստանի նախկնի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀՇ կուսակցության կազմակերպած ՀՀ Անկախության օրվան նվիրված տոնակատարության ժամանակ։ 

«Եթե չլինի այդ գիտակցությունը, Հայաստանը կվերածվի երրորդ աշխարհի մի երկրի, որի միակ կապիտալը լինելու է աշխատանքի արտահանումը»,-ասել է նա:

Այդ առիթով Տեր-Պետրոսյանը նշել է, որ ԼՂՀ հարցի կարգավորումն այս 10 տարիների ընթացքում «համարյա թե հասել է անհուսալի վիճակի»:

Տեր-Պետրոսյանը կարծում է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի ամենամեծ ռեսուրսը նրա բացվածությունն է աշխարհի առջև։

«Եթե այսպես փակված մնանք, մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև պետք է մտածենք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին»,-ընդգծել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այս առթիվ նախկին նախագահը անհրաժեշտ և հնարավոր է համարում «Հայաստանում վերականգնել օրենքի իշխանությունը, կոռուպցիոն կառույցը լիովին կազմաքանդելը և վերականգնել դեմոկրատական ազատությունները»։

1991թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրությունների ժամանակ հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։

1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։--0--