Երևանի քաղաքապետը խոստանում է կրճատել տրանսպորտային խցանումները մայրաքաղաքի փողոցներում
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը խոստանում է միջոցներ ձեռնարկել՝ մայրաքաղաքում տրանսպորտային հաղորդակցության խնդիրների կրճատման ուղղությամբ։
«Միայն նոր ավտոճանապարհների կառուցման խոշոր ծրագրերի իրականացման շնորհիվ քաղաքապետարանը կարող է որոշակի չափով լուծել Երևանի տրանսպորտային հիմնախնդիրները»,- ուրբաթ լրագրողներին ասաց Զախարյանը։
«Եթե մենք նոր տրանսպորտային հաղորդակցություններ չստեղծենք՝ չկառուցենք նոր և չվերանորոգենք արդեն գոյություն ունեցող ճանապարհները, ապա 2-3 տարի հետո կհայտնվենք անելանելի վիճակում, քանի որ քաղաքում նկատվում է ավտոտրանսպորտի քանակի աննախադեպ աճ»,- ասաց Զախարյանը։
Քաղաքապետը նշեց, որ ամեն տարի Երևան է բերվում 20-25 հազ. ավտոմեքենա։
Այս կապակցությամբ նա Երևանի քաղաքացիներին կոչ արեց համբերությամբ զինվել։ «Քաղաքապետարանը և այն բոլոր հաստատությունները, որոնք ներգրավված են ճանապարհների շինարարության և վերականգնման նախագծերում, խոստանում են անել ամեն ինչ, որպեսզի բնակչության համար անհարմարությունները և խոչընդոտները քիչ լինեն»,- եզրափակեց Զախարյանը։
Ներկայումս Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում իրականացվում է մի շարք խոշոր տրանսպորտային հանգույցների և ստորգետնյա անցումների շինարարություն՝ ավտոտրանսպորտի երթևեկության հետ կապված խնդիրների հիմնավոր լուծման և հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով։ Այս պատճառով Երևանի կենտրոնական մեծ խաչմերուկներում դժվարացել են տրանսպորտային հոսքերը։ --0—