Հայաստանում պետականության ամուր հիմքեր են դրված. ԱԳՆ նախարար

21.09.2007, 17:14
Հայաստանում պետականության ամուր հիմքեր են դրված. ԱԳՆ նախարար

Հայաստանում անկախության 16 տարիների ընթացքում պետականության և երկրի հետագա զարգացման լուրջ հիմքեր են դրվել, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Ես մեծ լավատեսությամբ եմ նայում ապագային։ Մեր սահմանները պաշտպանված են, տնտեսությունը զարգանում է»,-ասաց ԱԳ նախարարը, որը ՀՀ և ԼՂՀ նախագահների հետ միասին այցելեց «Եռաբլուր» հուշահամալիր՝ այսօր նշվող Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։

«Թեև Հայաստանում դեռևս մնում են բազմաթիվ չլուծված խնդիրներ, բայց այն, որ ամենածանր ժամանակներում մեզ ոչ միայն հաջողվեց կանգուն մնալ, այլև զարգանալ ու բարգավաճել, շատ մեծ հույսեր է ներշնչում։ Ես վստահ եմ, որ հաջորդ տասնամյակը մեր ժողովրդի համար փայլուն կլինի»,-ընգծեց Օսկանյանը։

Նա հայտարարեց, որ երկրի ներքին հաջողությունները նպաստում են հայկական դիվանագիտության հաջող գործունեությանը։ «Որքան ավելի ամուր և կայուն է պետությունը, այնքան ավելի ամուր են մեր դիրքերը երկրի սահմաններից դուրս»,-ասաց Օսկանյանը։

Հայաստանն այսօր նշում է անկախության հչակման 16-ամյակը։-0—