Հայաստանի նախագահը Նիցցան համարում է հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նիցցան համարում է հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ, այս մասին նա հայտարարել է Նիցցայի քաղաքապետ, սենատոր Ժակ Պեյրայի հետ հանդիպման ժամանակ։
«Ռոբերտ Քոչարյանը ջերմությամբ է հիշել այս տարվա փետրվարին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում այցը Նիցցա եւ Հայաստանի պուրակի բացումը, որի շնորհիվ այս քաղաքը դարձել է հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշներից մեկը»,- «նովոստի-Արմենիային» հայտնեցին երկրի ղեկավարի մամլո գրասենյակից։
Նա նաեւ գոհունակությամբ փաստել է, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հետեւողականորեն իրականություն են դառնում:
Ժակ Պեյրան անդրադառնալով երկու երկրների քաղաքական հարաբերություններին` կարեւորել է քաղաքային, շրջանային իշխանության մարմինների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը:
Երեւանը եւ Նիցցան քույր-քաղաքներ հռչակելու մասին այսօր ստորագրված համաձայնագիրը նա համարել է երկու քաղաքների միջեւ տնտեսական, զբոսաշրջության, կրթական եւ մշակութային գործակցությունը խթանելու կարեւոր քայլ։
Կողմերը դրական են գնահատել նաեւ ԵՊՀ եւ Նիցցայի համալսարանների միջեւ կնքված համագործակցության մասին համաձայնագիրը եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի արդեն իսկ առկա կապերի ամրապնդմանը:-0-