Երևանի «Երգող շատրվանները» կբացվեն սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը. քաղաքապետարան

20.09.2007, 15:49
Երևանի «Երգող շատրվանները» կբացվեն սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը. քաղաքապետարան
Երևանի «Երգող շատրվանները» կբացվեն սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը. քաղաքապետարան

Երևանի Հանրապետության հրապարակի «Երգող շատրվանները» կրկին կգործեն Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։ Այս մասին հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի բարեկարգման և կոմունալ սպասարկման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը։

Նրա խոսքերով, շատրվանների վերանորոգումը սկսվել էր ընթացիկ տարվա ամռանը, և բոլոր աշխատանքների ավարտից հետո մայրաքաղաքի բնակիչները կարող են տեսնել լուսային և երաժշտական էֆեկտներով հիասքանչ ջրային շոու։

«Դա մեծ նվեր կլինի Երևանի բնակիչներին և ողջ հանրապետությանը՝ անկախության օրվա կապակցությամբ», - ասաց նա։

Ֆ. Բասենցյանի խոսքերով, շատրվանները վերանորոգվել են ֆրանսիացի մասնագետների հետ համատեղ։ «Սարքավորումների կարգավորումը, տեխնոլոգիաների ներդրումն ու մոնտաժն իրականացրել են «Ակվատիկ Շոու Ինթերնեյշնլ» ֆրանսիական ընկերության մասնագետները, իսկ շահագործման հետագա աշխատանքները՝ արդեն տեղի մասնագետները», - ասաց նա։

Երևանի կենտրոնական հրապարակի «Երգող շատրվանների» վերանորոգման համար քաղաքապետարանը հատկացրել է 600 միլիոն դրամ (1,8 միլիոն դոլար)։ Նախագծի շրջանակներում իրականացվել է շատրվանների ավազանի պատերի և հատակի հիդրոմեկուսացում, սնուցող մետաղե խողովակների փոփոխություն, ինչպես նաև փոխվել են ջրի շիթի ուղղությունն ու գունային երանգավորումը։

Քաղաքապետարանի տվյալներով՝ շատրվանների կապիտալ վերանորոգում չէր իրականցվել 1970 թ.-ից։-0-