Հայաստանում կներդրվի հնագիտական հետազոտությունների նոր մոդել
Հայաստանում կներդրվի հնագիտական հետազոտությունների նոր, կատարելագործված մոդել, հինգշբաթի Երևանում հայտարարեց Կալիֆոռնիայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն Չառլզ Ստանիշը։
«Մենք ծրագրում ենք փոխել հնագիտական հետազոտությունների գաղութային մոդելը, որի ժամանակ առանձին երկրներում հնագիտական պեղումներն իրականացվում են աշխարհի խոշոր հնագիտական կենտրոնների կողմից՝ առանց տեղի մասնագետների հետ համագործակցության», - ասաց Ստանիշը։
Նրա խոսքերով, նոր մոդելը ենթադրում է կենտրոնի և տեղի միջև հարաբերությունների փոփոխություն, երբ բացառվում է հարկադրանքը, իսկ կենտրոնը դառնում է հովանավոր և օգնական։
«Բացի դրանից, եթե նախկինում ապագա պեղումների վայրը որոշում էին հնագիտական Եվրոպական և ամերիկյան կենտրոնները՝ ելնելով սեփական շահերից, ապա այժմ պեղումների վայրերը մեզ համար որոշելու են հայ մասնագետները», - ասաց Կալիֆոռնիայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրենը։
Նա նաև նշեց, որ Կալիֆոռնիայի համալսարանը կօգնի հայկական գիտական ինստիտուտներին՝ ստեղծել ֆինանսավորման միջազգային ենթակառուցվածքներ։ Ընդ որում, դրամական միջոցների բաշխման գործում որոշիչ դեր կխաղան հայ հնագետները։
Ստանիշի խոսքերով, Հայաստանը, մի շարք պատճառներով, ընտրվել է որպես առաջին երկիր, որտեղ կներդրվի հնագիտական հետազոտությունների նոր մոդելը։
«Մենք վստահում ենք մեր հայ գործընկերներին և համատեղ մշակում ենք նոր մոդելը։ Բացի դրանից, ես տպավորված եմ հայ հնագետների մակարդակից, նրանք չեն զիջում, իսկ որոշ դեպքերում անգամ գերազանցում են ամերիկացի մասնագետներին։ Եթե այդ մոդելը չաշխատի Հայաստանում, ապա չի աշխատի ոչ մի տեղ», - հայտարարեց նա։
Ստանիշը նաև տեղեկացրեց, որ 2008 կամ 2009 թ.-ին Հայաստանում կկազմակերպվի համաշխարհային հնագիտության խնդիրների քննարկմանը նվիրված խոշոր միջազգային հնագիտական գիտաժողով։-0-