Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հույս ունի, որ «Իսկական Իրավունք» թերթի խմբագրի վրա հարձակման մեղավորները կպատժվեն
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հույս է հայտնել, որ «Իսկական Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի վրա հարձակում իրականացնողները կկրեն իրենց արժանի պատիժը։
«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հերթական անգամ կոչ է անում իրավապահ մարմիններին՝ լինել ավելի հետևողական և հուսով է, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտող յուրաքանչյուր դեպք, առավել ևս որևէ բռնություն, կբացահայտվի պետական մարմինների կողմից, և մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունից՝ հիշեցնելով, որ Հ. Գալաջյանի վրա նման հարձակում էր իրականացվել նաև 2006 թ. սեպտեմբերի 6-ին։
«Հուսով ենք, որ այս անգամ դեպքի վկաները կօգնեն իրավապահ մարմիններին՝ արագորեն բացահայտել հանցագործությունը», - նշել են մամուլի ծառայությունից։
Նախօրեին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչները Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հանդիպել են Հովհաննես Գալաջյանի հետ։ Հանդիպման ընթացքում տուժածը իր հետ տեղի ունեցածը կապել է իր մասնագիտական գործունեության հետ։
Սեպտեմբերի 15-ին անհայտ անձինք ներխուժել են «Իսկական Իրավունք» թերթի խմբագրություն և մետաղե ձողերով ծեծի ենթարկել Հ. Գալաջյանին՝ հասցնելով տարբեր աստիճանի մարմնական վնաստվածքներ։ Տուժածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն։
Հովհաննես Գալաջյանը նաև պատասխանատու է Հայաստանում «Արգումենտի ի Ֆակտի» և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթերի հրատարակման համար։-0-

