Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության վեցերորդ փուլում Արոնյան-Կրամնիկ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Մեքսիկայի մայրաքաղաքում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության վեցերորդ փուլում Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող բացարձակ չեմպիոն ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, նման արդյունք է գրանցվել նաև Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)-Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) և Պետեր Լեկո (Հունգարիա)-Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) հանդիպումների ժամանակ։
Վեցերորդ փուլի միակ արդյունավետ հանդիպումը եղել է Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան) խաղը, որն ավարտվել է իսրայելցի շախմատիստի հաղթանակով։
Մրցութային վեց օրերի ընթացքում 4-ական միավորով առաջնության աղյուսակը գլխավորում են Անանդն ու Գելֆանդը, նրանց 3,5-ական միավորով հետևում են Կրամնիկն ու Գրիշչուկը։
Արոնյանը և Լեկոն ունեն 2,5-ական միավոր, իսկ Սվիդլերը և Մորոզևիչը՝ 2-ական։
Առաջնության առաջին շրջանի ավարտն ազդարարող յոթերորդ փուլում կհանդիպեն Սվիդլերը և Արոնյանը, Կրամնիկն ու Գելֆանդը, Մորոզևիչը և Լեկոն, Անանդը և Գրիշչուկը։
Շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է Մեքսիկայի մայրաքաղաքում՝ երկու փուլով։ Խաղերի օրերն են՝ սեպտեմբերի 13-16-ը, 18-21-ը, 23-25-ը և 27-29-ը։ Անհրաժեշտության դեպքում սեպտեմբերի 30-ին կանցկացվի թայ-բրեյք։
Առաջնության կազմկոմիտեն գլխավորում է Խորխե Սագիանտեն, մրցանակային ֆոնդը 1,3 ԱՄՆ դոլար է։-0-