Հայաստանի նախագահը 2008թ. նախագահական ընտրություններում կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կարծում է Դաշնակցությունը
Հայաստանի նախագահը 2008թ. նախագահական ընտրություններում կպաշտպանի վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այս կարծիքը չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։
«Նախագահն ավելի շուտ կպաշտպանի վարչապետի թեկնածությունը՝ նկատի ունենալով նրանց անձնական կապերը, միասին անցած քաղաքական ուղին, աշխատանքը պետական կառույցներում»,-ասաց նա։
Ռուստամյանի խոսքերով, միանգամայն տրամաբանական է, որ նախագահը կպաշտպանի Սերժ Սարգսյանի, այլ ոչ թե ՀՅԴ-ի առաջադրած թեկնածությունը։
Նա միաժամանակ նկատեց, որ միակուսակցական կառավարումը կարող է հանգեցնել բացասական արդյունքների, քանի որ այդպես ավելի բարդ կլինի պետական կառավարման համակարգում ապահովել զսպումների և հակակշիռների համակարգը։
2008թ. գարնանը Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ ՀՅԴ Գերագույն մարմինը, որպես նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներ, ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։
Քաղաքագետների կարծիքով, Սերժ Սարգսյանը երկրի նախագահի ամենահավանական թեկնածուն է, հատկապես եթե նկատի ունենանք այս տարվա մայիսի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ տարած հաղթանակը։--0—