ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ առկա տարաձայնությունների հաղթահարման հնարավորությունները

17.09.2007, 18:54
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկեցին  ԼՂ հակամարտության վերաբերյալ առկա տարաձայնությունների հաղթահարման  հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԼՂ հակամարտության վերաբերյալ առկա տարաձայնությունների հաղթահարման  հնարավորությունները երկուշաբթի քննարկեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը և տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ),  Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա)։

 «Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին  ԼՂ հակամարտության կարգավորման ներկա ընթացքը, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո առկա տարաձայնությունների հաղթահարման և դիրքորոշումների մերձեցման հնարավորությունները»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Համանախագահները նախարարին ներկայացրեցին ԼՂ կատարած այցելության և Ստեփանակերտում ԼՂՀ նոր նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման արդյունքները: 

Ղարաբաղյան հարցով բանակցությունների հերթական փուլը տեղի ունեցավ այս տարվա հունիսին՝ Սանկտ-Պետերբուրգում, որտեղ հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Իլհամ Ալիևը։--0--