Հայաստանում ամեն տարի 1,5-2 հազ. մարդ պալիատիվ օգնության կարիք է զգում
Հայաստանում շուրջ 1,5-2 հազ. անբուժելի հիվանդ ամեն տարի պալիատիվ (ախտանշական) օգնության կարիք է զգում։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի Պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ Հրանտ Կարապետյանը՝ հղում անելով մոնիտորինգի արդյունքների վրա, որն իրականացրել է ասոցիացիան՝ Պալիատիվ օգնության համաշխարհային ասոցիացիայի և Եվրոմիության օգնությամբ։
Նրա խոսքերով, ամեն տարի Հայաստանում մահանում է 30-32 հազ. մարդ, որոնց 80%-ը պալիատիվ օգնության կարիք է զգում։
«Խոսքը բոլոր անբուժելի քրոնիկ հիվանդների մասին է, որոնց պոլիկլինիկաներն ուղարկում են տնային բուժման։ Նրանք ցավազրկման, ինչպես նաև հոգեբանական օգնության կարիք ունեն»,-ասաց Կարապետյանը։
Նա միաժաման նշեց, որ պալիատիվ օգնության կարիք ունեցող անձանց 40-50%-ը օնկոլոգիական հիվանդներ են։
Կարապետյանը նկատեց նաև, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, եթե 2000թ.-ին աշխարհում օնկոլոգիական հիվանդություններով տառապել է 10 մլն. մարդ, ապա 2010թ.-ին այդ ցուցանիշը կհասնի 15 մլն-ի, իսկ 2020թ.-ին՝ 20 մլն.-ի։
«Ներկայում աշխարհում նկատվում է օնկոլոգիական հիվանդների թվի աճ, ընդ որում, եթե անցյալ տասնամյակում հիվանդների 70%-ը զարգացած երկրներում էր, ապա այժմ հիվանդությունների մեծ ցուցանիշ է նկատվում զարգացող երկրներում»,-ասաց Ասոցիացիայի նախագահը։
Նա նշեց, որ ներկա իրավիճակի պահպանման դեպքում հինգ տարի հետո հայկական հիվանդանոցներն ի վիճակի չեն լինի սպասարկել բոլոր հիվանդներին։
«Այդ պատճառով մենք պիտի զարգացնենք պալիատիվ օգնության ծառայությունը, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն, և անբուժելի հիվանդներն իրենց մեկուսացած և սեփական իրավունքները ոտնահարված չզգան»,-ասաց Կարապետյանը։–0-