Դասական երաժշտության «Վերադարձ» փառատոնը կբացվի սեպտեմբերի 19-ին՝ Երևանում

17.09.2007, 15:54
Դասական երաժշտության «Վերադարձ» փառատոնը կբացվի սեպտեմբերի 19-ին՝ Երևանում
Դասական երաժշտության «Վերադարձ» փառատոնը կբացվի սեպտեմբերի 19-ին՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դասական երաժշտության «Վերադարձ» փառատոնը կանցկացվի Երևանում՝ սեպտեմբերի 19-20-ը։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամից, փառատոնի շրջանակներում տեղի կունենա յոթ համերգներից բաղկացած շրջան՝ գերմանահայ, բելգիահայ, իսպանահայ աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ։

Մասնակիցների թվում են՝ Բելգիայի Ելիզավետա թագուհու միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր Սերգեյ Խաչատրյանը (ջութակ, Գերմանիա), Կարեն Հարությունյանը (ջութակ, Գերմանիա), Կորյուն Ասատրյանը (սաքսոֆոն, Գերմանիա), Լուսինե Խաչատրյանը (դաշնամուր, Գերմանիա), Գայանե Շառլույանը (դաշնամուր, Իսպանիա), ՀՀ վաստակավոր արտիստուհի, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, ինչպես նաև «Նարեկացի» արվեստի կենտրոնի համույթը՝ խմբավարներ Արամ Թալալյան, Վլադիմիր Խաչատրյան (Գերմանիա)։

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։

«Այս փառատոնը կոչ է աշխարհի բոլոր հայերին՝ միավորվել, այն փորձ է աշխարհի բոլոր հայերի ուշադրությունը հրավիրել հայրենադարձության հիմնախնդրին, որպեսզի իրականանա սերունդների երազանքը՝ ստեղծագործել հայրենի հողի վրա»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

«Վերադարձ» փառատոնը տեղի կունենա Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանի բարձր հովանավորությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպիչներն են՝ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը և «ՎԻԼՍ» երաժշտական փառատոնը (Գերմանիա)։--0—