Հայաստանի բնապահպանական իրավիճակը կայունանում է
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնապահպանական իրավիճակը կայունանում է։ Այս մասին է վկայում «Նովոստի-Արմենիային» ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության հիման վրա Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած վերջին տվյալների վերլուծությունը։
Թեև 2007թ. հուլիսին Հայաստանի քաղաքների մթնոլորտում հայտնաբերված աղտոտող նյութերի քանակը գերազանցել է թույլատրելի խտության աստիճանը (ԹԽԱ), դրա ծավալներն աննշան են, իսկ որոշ ցուցանիշներով անգամ գրանցվել է վնասակար նյութերի ԹԽԱ նվազում։
Մասնավորապես, տրամադրված տվյալների համաձայն, 2007թ. հուլիսին ազոտի երկօքսիդի խտության ամսական միջին աստիճանը մայրաքաղաքի մթնոլորտում նվազել է 1,2 անգամ, իսկ Վանաձորում գրանցվել է ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի մակարդակի նվազում, համապատասխանաբար, 1,2 և 1,3 անգամ։
Գյումրու մթնոլորտում փոշու ամսական միջին խտությունը գերազանցել է ԹԽԱ 2,3 անգամ։ Հրազդան քաղաքի մթնոլորտում մոնիտորինգի արդյունքում հայտնաբերվել է ցեմենտի փոշի, որի մակարդակը գերազանցում է ԹԽԱ 3,8 անգամ, սակայն հունիս ամսվա համեմատությամբ փոշու ամսական միջին խտության աստիճանը նվազել է 2,1 անգամ։
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Արարատ քաղաքում, որտեղ ցեմենտի փոշու ամսական միջին ԹԽԱ գերազանցվել է 4,9 անգամ, իսկ հունիս ամսվա համեմատությամբ այն նվազել է 1,2 անգամ։ Միաժամանակ, հուլիսին Ալավերդի քաղաքում դրությունը չի փոխվել։
Հայաստանի գետերում այս տարվա հուլիսին գրանցվել է ամոնիումի իոնի ԹԽԱ գերազանցում և ԹԿԿ5 (թթվածնի կենսաքիմիական կիրառում՝ ջրի աղտոտվածության ցուցանիշ՝ թթվածնի քանակությամբ բնորոշվող)։
Հանրապետության 28 գետերի, Երևանյան լճի և մի շարք ջրամբարների հետազոտությունների արդյունքում, ըստ ներկայացված տվյալների, ուսումնասիրությունների համար վերցվել է 120 նմուշ։ Փորձաքննությունների արդյունքներով Փամբակ, Դեբեդ, Ձորագետ, Մարծիգետ, Ախթալա, Արաքս, Ախուրյան, Սևջուր, Հրազդան, Գետառ գետերի տարբեր հատվածներում գրանցվել է ամոնիումի իոնի ԹԽԱ գերազանցում 0,46-ից մինչև 10,92 մգ՝ ջրի մեկ խորանարդ դեցիմետրում, այն դեպքում, երբ ջրի մեկ խորանարդ դեցիմետրի ԹԽԱ հաստատված չափը 0,39 մգ է։
Փամբակ, Դեբեդ, Ձորագետ, Տաշիր, Աղստև, Քասախ, Հրազդան, Գետառ գետերում գրանցվել է ԹԿԿ5 թույլատրելի խտության աստիճանի գերազանցում։ Տվյալ նյութի խտությունը կազմել է 3,4 մգ-7,4 մգ՝ մեկ խորանարդ դեցիմետրում, այն դեպքում, երբ մեկ խորանարդ դեցիմետրի ԹԽԱ հաստատված չափը 3 մգ է։ Հայտնաբերվել է նաև նիտրատի, նիտրիտի և սուլֆատի իոնի ԹԽԱ աննշան գերազանցում։
Սակայն այս տվյալները 2007թ. հունիսի ցուցանիշների հետ համեմատելիս կարելի է նկատել, որ Հայաստանի մի շարք գետերում, հուլիսի վերջին տվյալներով, ամոնիումի իոնի, ԹԿԿ5, նիտրատի, նիտրիտի և սուլֆատի իոնի ԹԽԱ գերազանցում չի հայտնաբերվել։
Չնայած գրանցված դրական առաջընթացներին, հայ բնապահպանները կարծում են, որ Հայաստանում լուրջ դժվարություններ կան էկոլոգիայի ոլորտում։ Այսպես, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության գլխավոր մասնագետ, ավագ պետական տեսուչ Արթուր Բեգլարյանը «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում հայտարարել էր, որ էկոլոգիական բարվոքության առումով պետք չէ Հայաստանը համեմատել աշխարհի զարգացած երկրների հետ։
Գլխավոր մասնագետի խոսքերով, զարգացած երկրների բնակիչների համեմատ ավելի քիչ ապահովված Հայաստանի բնակիչները առավել ինտենսիվ են օգտվում բնական ռեսուրսներից՝ դրանով ստեղծելով լրացուցիչ բնապահպանական դժվարություններ։
Միաժամանակ Բեգլարյանը նշեց, որ բացի տեխնիկական բարդություններից բնապահպանության ոլորտում կան նաև օրենսդրական խնդիրներ, որոնց պատճառով անգամ արգելոցներում որսորդության փաստեր հայտնաբերելիս Բնապահպանության տեսչությունը հաճախ չի կարող դրանք ապացուցել՝ արգելոցների հստակ սահմանային գոտիների բացակայության պատճառով։
Բնապահպանության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը հակված է կարծել, որ թեև էկոլոգիական իրավիճակը Հայաստանի առանձին մարզերում բարելավվել է, երկրի մեծ մասում դրությունը բարենպաստ չէ։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում հայտարարել է Դանիելյանը, դրա պատճառը տնտեսական գործունեության վերականգնումը, ավտոտրանսպորտի քանակի ավելացումը, կանաչ գոտիների ոչնչացմամբ քաղաքաշինությունն է։ --0—

