Նախագահը հետաքրքրվել է հանրապետությունում խոզի ժանտախտի տարածման իրավիճակով

11.09.2007, 18:22
Նախագահը հետաքրքրվել է հանրապետությունում խոզի  ժանտախտի տարածման իրավիճակով

Գյուղատնտեսության ոլորտում իրագործվող նոր ծրագրերին եւ  նախարարության ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի աշխատանքային հանդիպմանը, այս մասին երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

«Նախագահն առաջնահերթ հետաքրքրվել է հանրապետությունում խոզի  ժանտախտի տարածման իրավիճակով եւ դրա դեմ պայքարի միջոցառումներով: Նախարարը վստահեցրել է, որ արվում է ամեն ինչ վարակի հետագա տարածումը կանխելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը հատուկ ուշադրություն է դարձրել գյուղատնտեսության ոլորտում սկիզբ դրված նոր` սերմնաբուծության  եւ տոհմաբուծության ծրագրերի իրագործման ընթացքին:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ գյուղատնտեսության սուբսիդավորման եկող տարվա ծավալների եւ դրանց տեղաբաշխման մասին: 

 

Քննարկվել են նաեւ գյուղատնտեսական արտադրանքի  իրացման եւ  վերամշակող ձեռնարկությունների աշխատանքին վերաբերող հարցեր:-0-