Հայաստանը և Ադրբեջանը պետք է ձգտեն կառուցել բարիդրացիական հարաբերություններ. Հայաստանի դեսպան
Հայաստանը և Ադրբեջանը պետք է ձգտեն կառուցել բարիդրացիական հարաբերություններ։ Այս մասին «Նեզավիսիմոյա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը։
«Հայ-ադրբեջանական հարաբերությունները շատ նուրբ հարց է, վերքը դեռ շատ թարմ է։ Բայց մենք պետք է ձգտենք կառուցել բարիդրացիական հարաբերություններ։ Ոչ ոք չի ցանկանում, որ մեր երեխաները ապրեն վախի զգացումով», - ասել է դեսպանը։
Ա. Սմբատյանի կարծիքով, Հայաստանը և Ադրբեջանը պետք է փորձեն ստեղծել քաղաքակիրթ շփում ժողովուրդների միջև, առանց որի «ոչինչ չի կարող լինլ, մենք հարևաններ ենք»։ Մեկնաբանելով հայկական և ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչների Երևան, Ստեփանակերտ և Բաքու վերջերս կատարած այցը՝ դիվանագետը նշել է, որ այդ այցի կազմակերպման մեջ մեծ դեր են խաղացել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների միջև անձնական հարաբերությունները։
«Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետ մենք ծանոթ ենք արդեն 25 տարի, վերջերս գլխավորում էինք մեր երկրների մշակույթի նախարարությունները։ Կարևոր է նաև այն, որ մեր երկրների նախագահները ըմբռնումով մոտեցան Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու այցելելու մեր գաղափաին», - տեղեկացրել է Ա. Սմբատյանը։
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլու գլխավորությամբ հայ և ադրբեջանցի մտավորականության պատվիրակությունը 2007 թ.-ի հունիսի 28-ին մեկօրյա այցով եղավ Հայաստանում, Ադրբեջանում և ԼՂՀ-ում։ Այցելության ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ երեք երկրների նախագահների հետ։-0-