Հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդի գլխավորած պատվիրակությանը, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեցին երկրի ղեկավարի մամլո գրասենյակից։:
«Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են եւ ներառում համագործակցության նորանոր ոլորտներ,-ասված է հաղորդագրությունում:
Ստացված հաղորդագրության համաձայն, նախագահը ողջունել է նաեւ հայկական եւ ֆրանսիական քաղաքական ուժերի միջեւ հաստատված կապերը` ի դեմս Հայ հեղափոխական դաշնակցության եւ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության միջեւ ձեւավորված արդյունավետ գործընկերության:
«Սոցիալիստական կուսակցությունը մշտապես աջակցել է Հայաստանի շահերին առնչվող նախաձեռնություններին եւ պատրաստ է առավելագույնս նպաստելու երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ուղղված նոր ծրագրերի ու առաջարկների իրականացմանը»,-ըստ տեղեկատվության՝ ասել է Ֆրանսուա Հոլանդը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, խոսվել՝ նաեւ տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող խնդիրների մասին: --0--

