ՀՀ կառավարությունը հաստատել է աֆրիկական ժանտախտի վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հաստատել է աֆրիկական ժանտախտի վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը: Այս մասին հինգշաբթի կառավարական ճեպազրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիգոր Բաղյանը:
“Համալիր ծրագիրը նախատեսում է ստեղծված արտակարգ դրության պայմաններում գործողությունների պլանը, դրանց համակարգման կարգը: Ծրագրով ստեղծվել է հատուկ արտակարգ հանձնաժողով, կարանտին է սահմանվել հանրապետության 2 մարզերում”,- ասաց նա:
Բաղյանի խոսքերով, ստեղծված արտակարգ հանձնաժողովը համակարգելու է ձեռնարկվող աշխատանքները: Հանձնաժողովի կազմում ներգրավված են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, գյուղատնտեսության նախարարը, առողջապահության, ֆինանսների և բնապահպանության նախարարները, ոստիկանության պետը, արտակարգ իրավիճակների վարչության և փրկարար ծառայության պետերը:
“Համանման հանձնաժողովներ են ստեղծվելու հանրապետության բոլոր մարզերում և համայնքներում: Բացի այդ կստեղծվեն երեք տիպի աշխատանքային խմբեր”,- հայտնեց Բաղյանը:
Ինչպես հայտնեց տեսչության պետը, աշխատանքային խմբերի առաջին տեսակը զբաղվելու է հիվանդ կենդանիների հայտնաբերմամբ, երկրորդը` դրանց մորթման և թաղման գործով, իսկ երրորդը` հիվանդ կենդանիների թաղումից հետո տարվող սանիտարա-հիգիենիկ աշխատանքներով:
Բաղյանը հայտնեց, որ ներկայումս Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում հայտնաբերվել է աֆրիկական ժանտախտի յոթ օջախ, իսկ վարակի դեմ պայքարելու միակ միջոցը` կենդանիներին մորթելն է: Ինչի հետևանքով, ըստ տեսչության պետի տվյալների, հանրապետությունում արդեն ոչնչացվել է 1,8 հազար խոզ:
“Ծրագիրը նախատեսում է փոխհատուցում վճարել յուրաքանչյուր ոչնչացված կենդանու դիմաց, սակայն փոխհատուցման չափը և կարգը դեռ որոշված չէ”,- տեղեկացրեց Բաղյանը:
Հայաստանում խոզի ժանտախտի առաջին դեպքը հայտնաբերվել էր օգոստոսի 7-ին Դիլիջանում, իսկ ներկայումս Տավուշի և Լոռու մարզերում կա վարակի յոթ օջախ։ Հանրապետությունում ոչնչացման է ենթական 1700 գլուխ խոզ։
Խոզերի մոտ աֆրիկական ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։ Հիվանդությունը մարդկանց չի փոխանցվում, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված խոզերի միսը, քանի որ դա կարող է թունավորել օրգանիզմը։
Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները։ --0—