ՀՀ կենտրոնական բանկը մեղմացրել է պահանջները առևտրաբանկերի նկատմամբ՝ ֆինանսական միջնորդության աճը խթանելու նպատակով

06.09.2007, 16:43
ՀՀ կենտրոնական բանկը մեղմացրել է պահանջները առևտրաբանկերի նկատմամբ՝ ֆինանսական միջնորդության աճը խթանելու նպատակով
ՀՀ կենտրոնական բանկը մեղմացրել է պահանջները առևտրաբանկերի նկատմամբ՝ ֆինանսական միջնորդության աճը խթանելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կենտրոնական բանկը մեղմացրել է երկրի առևտրաբանկերի նկատմամբ կիրառվող պահանջները։ Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծության վարչության պետ Դավիթ Սարգսյանը, այդ նորամուծությունները թելադրված են ֆինանսական միջնորդությունը խթանելու և ֆինանսական ծառայությունների մատչելիությունն ընդլայնելու անհրաժեշտությամբ։

«Ներկայումս հայկական բանկերը գտնվում են ռիսկերի վերահսկման որակական ավելի բարձր մակարդակի վրա, դրա համար էլ արդեն հնարավոր է մեղմացնել որոշակի կանոններ և նորմատիվներ, որպեսզի ազատված հնարավորությունները բանկերը կարողանան ուղղել տնտեսության վարկավորմանը»,- ասաց Սարգսյանը։

Մասնավորապես, 2007թ. սկզբին Կենտրոնական բանկը մեղմացրել էր ֆինանսների ընթացիկ կանխիկացման նորմատիվը, ինչն ազատ թողեց մոտ 27 մլրդ. դրամ (մոտ 80,2 մլն. դոլար)` թույլ տալով բանկերին դրանք օգտագործել վարկավորման նպատակով:

2008թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն կապիտալի և ընդհանուր լիկվիդայնության  համապատասխանեցման մեղմացված նորմատիվները, որոնք, ըստ ԿԲ գնահատականի, բանկերին թույլ կտան վարկավորման համար լրացուցիչ օգտագործել նվազագույնը ևս 35 մլրդ. դրամ (մոտ 104 մլն. դոլար):

Սարգսյանի խոսքերով, նորմատիվային փոփոխությունների ևս մեկ փաթեթ իրական գործոններ է ստեղծել Հայաստանի մարզերում ֆինանսական ծառայությունները խթանելու և վարկավորումն ընդլայնելու համար: «Այսուհետ,  բանկերը կարող են իրականացնել, այսպես կոչված շարժական վարկավորում, այսինքն` հեռավոր համայնքներին և գյուղերին վարկեր տրամադրել և վերադարձնել առանց այնտեղ պարտադիր կերպով մասնաճյուղեր հիմնելու»,- հայտարարեց նա:

ԿԲ որոշակի առումով մեղմացրել է նաև մասնաճյուղերի տարածքների տեխնիկական հագեցվածության պահանջները, որոնք, մասնաճյուղեր հիմնադրելիս, կկրճատեն բանկերի ծախսերը: Բացի այդ, մոտավորապես երեք շաբաթ առաջ, ուժի մեջ է մտել նոր կանոն, համաձայն որի, այն բանկերը, որոնք ունեն անձնակազմի որակավորման բարձարացման և վերապատրաստման ներքին արդյունավետ մեխանիզմներ, կարող են այլևս Կենտրոնական բանկին չներկայացնել իրենց մասնաճյուղերի ղեկավարներին` ատեստավորում անցնելու համար:

ԿԲ գնահատականով, նշված միջոցառումներն արդեն իսկ ընթացիկ տարվա ընթացքում բավականին շոշափելի արդյունքներ են տվել: Այսպիսով` 2007թ. առաջին 8 ամիսների ընթացքում ՀՀ բանկային համակարգում գրանցվել է վարկավորման աննախադեպ աճ` տարեսկզբի 240 մլրդ. դրամն (712 մլն. դոլար) ավելացել է 90 մլրդ. դրամով (267 մլն. դոլար): Տարվա արդյունքներով սպասվում է, որ այդ աճը կկազմի 60%  (մոտ 380-390 մլրդ. դրամ կամ մոտ 1157,8 մլն. դոլար), ինչը վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ բանկային համակարգի ամենաբարձր ցուցանիշն է: --0—