ՀՀ գլխավոր դատախազությունը ավարտել է Հայաստանում ռուս աղջիկների պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության՝ մարդկանց առևտրի և նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնում ավարտվել է Հայաստանում ռուս աղջիկների պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը։
Նրա խոսքերով, նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է ՀՀ քաղաքացի Ի.Մկրտչյանը 2006 թվականին ծանոթացել, ապա մտերիմ հարաբերություններ է հաստատել Հայաստանում ժամանակավորապես բնակվող, ՌԴ քաղաքացի Ե.Կանաևայի հետ: Վերջինս Հայաստան էր ժամանել պոռնկությամբ զբաղվելու միջոցով գումար վաստակելու համար և շուրջ 2 տարի Հայաստանում զբաղվել է մարմնավաճառությամբ:
«Ե. Կանաևան որոշել է անձամբ կազմակերպել իր հավաքագրած ռուս աղջիկների փոխադրումը Հայաստան ու նրանց մարմնավաճառությամբ զբաղվելը: Տեղում գործընկեր ունենալու և անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով դիմել է Ի. Մկրտչյանին` առաջարկելով համատեղ կազմակերպել ռուս աղջիկների պոռնկությամբ զբաղվելը՝ մարմնավաճառությամբ վաստակած գումարներից մասնաբաժին ունենալու պայմանով», - ասված է հաղորդագրությունում։
2006 թ.-ին Ե. Կանաևան ՌԴ Մոժգա քաղաքում հավաքագրել և մարմնավաճառությամբ զբաղվելու համար Երևան է փոխադրել երկու իր հայրենակցուհիներին:
Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ Ի.Մկրտչյանը և Ե. Կանաևան կազմակերպել են աղջիկների պոռնկությամբ զբաղվելը՝ ապահովելով կացարանով, սննդով և այլ պայմաններով՝ իրենց վերցնելով մարմնավաճառությամբ վաստակած գումարներից որոշակի մասնաբաժին:
Հայաստան ևս մեկ աղջիկ բերելու փորձը կանխվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ի.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը)։
Քրեական գործը ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Նկատի ունենալով, որ Ե.Կանաևան հանդիսանում է ՌԴ քաղաքացի, նրա մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 485-րդ հոդվածով սահմանված կարգով ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկելու և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար:-0-