Լեռնային Ղարաբաղում նշվել է ԼՂՀ անկախության հռչակման 16-ամյակը
Կիրակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցան ԼՂՀ անկախության հռչակման 16-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումները։
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, տոնը սկսվեց առավոտյան՝ հանրապետության քաղաքներով և շրջաններով անցնող հանդիսավոր ռազմական շքերթով։ Ավանդաբար պետության բոլոր կրթական հաստատություններում 2007-2008 նոր ուսումնական տարվա առաջին դասերը նվիրվեցին ԼՂՀ հռչակման հերթական տարելիցին, ինչպես նաև կազմակերպվեցին Խաղաղության դասեր, որոնք վարեցին հանրապետության խորհրդարանի և կառավարության անդամները, իշխանության և մտավորականության ներկայացուցիչները, պատերազմի վետերանները։
Օրվա առաջին կեսին Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԼՂՀ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ և հանրապետության մտավորականությունն այցելեցին Ստեփանակերտի Հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ Պատերազմի և Ղարաբաղյան պատերազմի հերոսներին։
Այդ տոնական օրը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության շրջաններում տեղի ունեցան բազմաթիվ մշակութային և մարզական միջոցառումներ։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 16-ամյակի կապակցությամբ հանրապետության բնակչության առանձին կատեգորիաներ, մասնավորապես, Հայրենական Մեծ Պատերազմի մասնակիցները, ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքները և հաշմանդամները ստացան միանվագ դրամական օգնություն։
ԼՂՀ մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում սեպտեմբերի 2-ի երեկոյան տեղի ունեցավ տոնական համերգ, որն ավարտվեց հրավառությամբ։
1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտման հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։
Ի պատասխան այս ամենի՝ ադրբեջանական կողմը առաջին անգամ Ստեփանակերտը գնդակոծման ենթարկեց «Ալազան» հռթիռային համակարգից, ինչը հետագայում սիստեմատիկ բնույթ ստացավ։-0-

