Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը անդառնալի գործընթաց է. ՀՀ ԱԺ խոսնակ
/Նովոստի-Արմենիա/. Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը անդառնալի գործընթաց է. Ստեփանակերտում լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։
«Մինչև այսօր գլխավոր հարցը մնում է միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, ինչն անդառնալի գործընթաց է, և մենք, գործադրելով բոլոր ջանքերը, պետք է մոտեցնենք վերջապես այդ երկար սպասված պահը»,- ասաց Թորոսյանը։
Նրա խոսքերով, վերջին երկու տարիների ընթացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նկատելի է նոր գործոն, որը վկայում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին։
«Այդ գործոնն ակնհայտ է, և որակապես նոր փուլ է բանակցություններում»,- ասել է ՀՀ ԱԺ խոսնակը։
ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը՝ խոսնակ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ, մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 16-ամյակին նվիրված միջոցառումներին։
Լեռնային Ղարաբաղում անցյալ կիրակի նշել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 16-ամյակը։ Այդ տոնական օրը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության շրջաններում տեղի են ունեցել տարբեր մշակութային և մարզական միջոցառումներ։
1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։ --0--

