Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանը
Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, վարչապետ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Ալավերդյանին։
Ինչպես ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, նամակն ուղարկվել է Երևանում ստեղծված անբարենպաստ բնապահպանական իրավիճակի կապակցությամբ։
«Մենք ողջունում ենք քաղաքի զարգացումը, ինչպես նաև Հայաստանի կառավարության և Երևանի քաղաքապետարանի ծրագրերը, որոնք ուղղված են բնապահպանական խնդիրների լուծմանն ապագայում։ Բայց, ցավոք, իրական վիճակը քաղաքում շարունակում է վատանալ»,-հայտնեց նա։
Բնապահպանները գոհունակություն հայտնեցին քաղաքում ոռոգման համակարգի վերակառուցման, ծառատունկերի, ծաղկաթմբերի վերականգնման, քաղաքապետարանում և Բնապահպանության նախարարությունում «թեժ գծի» առկայության առնչությամբ, բայց այդ ամենը չի կարող դիմակայել այն հսկայական բացասական երևույթներին, որոնք տեղ են գտել Երևանում, հատկապես, Կենտրոն համայնքում։
«Շարունակվում է Կենտրոնի ինտենսիվ «կետային» կառուցապատումը՝ քաղաքաշինական և բնապահպանական նորմերի խախտումներով, հաճախ՝ կանաչ տարածքների, պատմա-ճարտարապետական հուշարձանների ոչնչացմամբ և անընդմեջ խտացմամբ»,-նկատեց բնապահպանը։
Դանիելյանի խոսքերով, միաժամանակ աճում է տրանսպորտային մայրուղիների ծանրաբեռնվածությունը՝ առանց հաշվի առնելու դրանց անցողիկության ծավալը, շրջակա միջավայրի աղտոտումը, աճում են սեյսմիկ ռիսկերը, խախտվում են հայկական օրենսդրության դրույթներն ու քաղաքացիների բնապահպանական իրավունքները։
Ասոցիացիայի նախագահը հավելեց, որ բոլոր այդ աշխատանքների իրականացման ժամանակ հաշվի չի առնվում, որ Երևանը վաղուց բնակեցված վայր է, այլ ոչ թե նոր ձևավորվող քաղաք, որտեղ կարելի է բազմաթիվ փոփոխություններ կատարել։
«Մենք պնդում ենք, որ Երևանում, հատկապես Կենտրոնում, ստեղծվել է արտակարգ բնապահպանական իրավիճակ։ Մենք կոչ ենք անում մեկ ամսվա ընթացքում դադարեցնել այն շինարարությունները, որոնք իրականացվում են հասարակական կարծիքի և մարդու իրավունքների ոտնահարմամբ, ստեղծել Միջգերատեսչական բնապահպանական հանձնաժողով, ստեղծել մեր հանձնարարականների իրականացման ծրագիր»,-նշվում է բնապահպանների նամակում։
Նամակն ուղարկված է Հասարակական բնապահպանական կոալիցիայի կողմից, որի մեջ մտնում են 32 բնապահպանական հասարակական կազմակերպություններ։--0--