Լոռու մարզի դատախազին ժամանակավոր կփոխարինի Կարեն Շահբազյանը
Լոռու մարզի դատախազի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչ Կարեն Մարտունիկի Շահբազյանի վրա, այս մասին «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը սպանվել է օգոստոսի 25-ին՝ ժամը 00։20ին։ Անհայտ անձը չորս անգամ կրակել է նրա վրա, ինչի հետևանքով դատախազը ստացել էր երեք թափանցանց և մեկ կույր հրազենային վերք՝ պարանոցի ետևի և ուսերի հատվածում։
ՀՀ գլխավոր դատախազությունը սպանության փաստով գործ է հարուցել ՀՀ ՔՕ 104 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով (անձի կամ նրա մերձավորների սպանություն՝ այդ անձի ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված)։
Ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում են Գլխավոր դատախազության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության փորձառու աշխատակիցներ։
Նույն օրը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավապահ մարմիններին հանձնարարել է՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սպանությունը բացահայտելու համար և կանոնավոր կերպով իրեն զեկուցել հետաքննության ընթացքի մասին։ --0—

