Հայաստանում մեկնարկել է հանրապետությունում կովկասյան ընձառյուծի տեսակի պահպանմանն ուղղված ակցիա
Հայաստանում մեկնարկել է հանրապետությունում կովկասյան ընձառյուծի (Pantera pardus ciscaucacica) տեսակի պահպանմանն ուղղված միամսյակ։
Ինչպես հինգշաբթի մամուլի ասուլիսում տեղեկացրեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wide Fund - WWF-Հայաստան) հայաստանյան մասնաճյուղի փորձագետ Արթուր Բոեթյանը, ակցիան կազմակերպվել է WWF-Հայաստան և Արմենիա-Մարիոթ հյուրանոցի հետ համատեղ։
«Ողջ սեպտեմբերի ընթացքում հյուրանոցի կենվորները և բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան հյուրանոցի նախասրահում տեղադրված արկղի մեջ նվիրատվություն կատարել՝ Հայաստանում ընձառյուծների տեսակի պահպանման համար», - ասաց նա։
Միաժամանակ փորձագետն ընդգծեց, որ WWF-Հայաստանը նպատակ ունի ոչ միայն միջոցներ հավաքել, այլև պատշաճ կերպով հասարակությանը տեղեկացնել այդ հազվագյուտ կենդանու տեսակի վիճակի մասին։ Նրա կարծիքով, սույն ակցիան «լավ և արդյունավետ» կլինի։
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի խոսքերով, ակցիան կօգնի անհրաժեշտ միջոցներ հավաքել՝ որսագողության դեմ պայքարի և ընձառյուծների տեսակի ավելացման համար բնական պայմանների ապահովման համար։
«Հայաստանի համար կովկասյան ընձառյուծները մեծ կենսաբանական նշանակություն ունեն, քանի որ դրանց առկայությունը կանխում է գայլերի տեսակի անվերահսկելի աճը», - նշեց Կ. Մանվելյանը։
Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենի կարծիքով, ընձառյուծները Հայաստանի համար նաև տնտեսական և սոցիալական նշանակություն ունեն, քանի որ այս հազվագյուտ կենդանիների որսի դեմ պայքարող խմբերի ստեղծումը թույլ է տալիս նոր աշխատատեղեր ստեղծել։
«Հայաստանում հենց որսագողությունն է հիմնական վտանգը կովկասյան ընձառյուծի համար։ Ամեն ամիս WWF-Հայաստանի մասնագետները այս կենդանիների տեսակի մոնիտորինգ են անցկացնում», - տեղեկացրեց նա՝ ավելացնելով, որ վերջերս տեղեկություն է ստացվել այն մասին, որ մեկ ընձառյուծ է սպանվել Կապանի տարածքում, և այդ տեղեկություններն այժմ ստուգվում են։
Այժմ Հայաստանում հաշվառված է կովկասյան ընձառյուծի ընդամենը 8 առանձնյակ, որը գրանցված է«Կարմիր Գրքում»։ Ընձառյուծի մորթին Հայաստանի սև շուկայում արժե մոտավորապես հազար ԱՄՆ դոլար, իսկ այս կենդանու որսի տուգանքը 3 միլիոն դրամ է (մոտ 10 հազ. ԱՄՆ դոլար)։
Կովկասյան ընձառյուծի տեսակի վերականգնմանն ուղղված միջոցների հավաքման ակցիան կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը։-0-