ԵԽԽՎ պատվիրակության հուշարձանների պահպանման վիճակի գնահատման առաքելության այցը տարածաշրջան ձախողվեց` Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի պատճառով. ՀՀ ԱԳՆ

30.08.2007, 12:32
ԵԽԽՎ պատվիրակության հուշարձանների պահպանման վիճակի գնահատման առաքելության այցը տարածաշրջան ձախողվեց` Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի պատճառով. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ պատվիրակության հուշարձանների պահպանման վիճակի գնահատման առաքելության այցը տարածաշրջան, որը գլխավորում էր ԵԽ խորհրդարանական վեհաժողովի  մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի զեկուցող Էդվարդ Օ’Հարան, ձախողվեց` Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի պատճառով, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«Ցավում ենք, որ ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքի պատճառով, որի նպատակն է քողարկել Նախիջևանում իրականացված հայկական հուշարձանների բնաջնջումը, պատվիրակության այցը չեղյալ է հայտարարվել»,- «Նովոստի-Արմենիային» Կարապետյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Մամուլի քարտուղարի խոսքերով, Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային այս այցին, մասնավորապես, Նախիջևանում  հուշարձանների պահպանման վիճակի գնահատման առաքելությանը։

«Մենք ինքներս էինք նախաձեռնել ԵԽԽՎ, Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿO-ի շրջանակներում մշակութային հուշարձանների վիճակի գնահատման նպատակով այցելություններ տարածաշրջան: Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը տվել են Օ’Հարայի գլխավորությամբ պատվիրակության այցի համաձայնությունը»,- ասաց Կարապետյանը, ավելացնելով, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացված էր այն մասին, որ ԵԽԽՎ պատվիրակությունը ծրագրում էր սեպտեմբերի սկզբին իրականացնել մի քանի անգամ հետաձգված այցը: --0-