ՀԿԽԸ Առաջին օգնության թիմերի իններորդ ազգային բաց առաջնությունը կանցկացվի Երևանում՝ սեպտեմբերի վերջին

29.08.2007, 17:41
ՀԿԽԸ Առաջին օգնության թիմերի իններորդ ազգային բաց առաջնությունը կանցկացվի Երևանում՝ սեպտեմբերի վերջին

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Առաջին օգնության կամավոր թիմերի իններորդ ազգային բաց առաջնությունը կանցկացվի Երևանում՝ 2007թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց ՀԿԽԸ Առաջին օգնության ուսումնա-մեթոդական կենտրոնի (ԱՕՈՒՄԿ) ղեկավար Մովսես Պողոսյանը։

«Մրցույթի մասնակիցները պետք է իրականին հնարավորինս մոտեցված  պայմաններում ցուցադրեն առաջին օգնության գիտելիքներն ու պրակտիկ հմտությունները ութ կայաններում, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է այս կամ այն արտակարգ իրավիճակը կամ դժբախտ պատահարը»,-ասաց նա։

Պողոսյանի խոսքերով, կամավոր թիմերի առաջնությունը հանրապետությունում անցկացվում  է երկու տարին մեկ անգամ. դրան նախորդում են մարզային  մրցումները։

«Առաջնության նախապատրաստման շրջանակներում 2006թ.-ին հանրապետական մրցույթների արդյունքներով, որոնք անցկացվել էին Հայաստանի կենտրոնական, հարավային և հյուսիսային շրջաններում, ընտրվել է յոթ լավագույն թիմ»,-պարզաբանեց նա։

ԱՕՈՒՄԿ ղեկավարը հայտնեց, որ յոթ ազգային թիմերից բացի, առաջնությանը կմասնակցեն նաև թիմեր Գերմանիայից և Շվեյցարիայից։

«Մեր մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև Ֆրանսիայի թիմը։ Բացի այդ, մենք հրավերներ ենք ուղարկել Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներ, որոնք, 2005թ.-ի առաջնությանը մասնակցած Ղրղզստանի օրինակով, իրենց թիմերը ևս ուղարկելու ցանկություն են հայտնել»,-ասաց նա։

ՀԿԽԸ Առաջին օգնության կամավոր թիմերի իններորդ ազգային բաց առաջնությանը կմասնակցեն Առաջին օգնության 60 մասնագետներ, որոնք ընտրվել են 2006թ.-ի մարզային մրցույթների արդյունքներով։ Միջոցառման նախապատրաստմանը, կազմակերպմանը և անցկացմանը մասնակցում են ՀԿԽԸ շուրջ 100 կամավորներ, այդ թվում՝ կազմկոմիտեի, մրցավարական կազմի անդամներ և մարզիչներ։

ՀԿԽԸ–ում ԱՕՈՒՄԿ-ն ստեղծվել է 1997թ. փետրվարին։ 1997-2006թթ. Հայաստանի ողջ տարածքում պատրաստվել են Առաջին օգնության ավելի քան 6 հազ. մասնագետներ և շուրջ 470 հրահանգիչներ։ Ընդհանուր առմամբ,  ԱՕՈՒՄԿ միջոցառումներին այս ընթացքում մասնակցել են 19 հազ. կամավորներ։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստեղծվել է 1920թ.-ին՝ վիրաբույժ և համաճարակաբան Սպանդարատ Կամսարականի կողմից։--0—