«Օրինաց երկիր» կուսակցությունը խորհրդարանում չի պաշտպանի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը

29.08.2007, 16:21
«Օրինաց երկիր» կուսակցությունը խորհրդարանում չի պաշտպանի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Օրինաց երկիր» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը չի պաշտպանի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը, որը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Ժառանգություն» խմբակցությունը։

Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Օրինաց երկրի» փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը։

«Մենք չենք պաշտպանում այս նախաձեռնությունը։ ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը պետք է այլ կերպ լուծվի։ Ներկայում միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընթանում է բանակցային գործընթացը, որն էլ պետք է լուծի ղարաբաղյան հակամարտությունը»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքերով, ԼՂՀ միջազգային ճանաչումը Հայաստանի կարևորագույն խնդիրն է, և հենց այդ նպատակին հասնելու համար էլ հանրապետությունը ակտիվորեն մասնակցում է բանակցային գործընթացին։

«Եթե ճանաչման հարցը կախված լիներ որևէ կոնկրետ երկրում համապատասխան օրենքի ընդունումից, ապա հիմնախնդիրները լուծված կլինեին աշխարհի շատ պետություններում, որոնք «թեժ» կետեր ունեն»,-  նշեց Շահգելդյանը։

«Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության նախագահ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 28-ին Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը։

Կուսակցության կարծիքով օրենսդրական այս նախաձեռնությունը պատշաճ կարգով ընդունվելուց, ստորագրվելուց և ուժի մեջ մտնելուց հետո կապահովի Հայաստանի կողմից երկար սպասված դե յուրե ճանաչման տարածումը 1991թ. միջազգային և խորհրդային օրենքներին համապատասխան Ստեփանակերտում հիմնադրված դե ֆակտո ինքնիշխան պետության վրա։ Առաջարկված նախաձեռնության հիմնավորումներում նշվում է, որ ԼՂՀ-ն բավարարում է ինքնիշխան պետության մասին միջազգային օրենքի բոլոր պահանջները։

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ-ի պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում, միջազգային դիտորդների ներկայությամբ, տեղի  ունեցած հանրաքվեի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ է արտահայտվել։ 

Ի պատասխան Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սկսել է լայնամասշտաբ պատերազմ։ Ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են 1994 թ. մայիսի 12-ին՝ հրադադարի ռեժիմի հաստատման մասին պայմանագրի ստորագրումից հետո, որը ուժի մեջ է մինչ այսօր։

Սկսած 1992 թ.-ից և մինչ օրս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններն ընթանում են  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-