Ղարաբաղի խորհրդարանի խոսնակն ընդունել է շվեյցարացի աստղաֆիզիկոս Միշել Մայորին

29.08.2007, 16:01
Ղարաբաղի խորհրդարանի խոսնակն ընդունել է շվեյցարացի աստղաֆիզիկոս Միշել Մայորին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանն ընդունել է կարճաժամկետ ճանաչողական այցով ԼՂՀ ժամանած շվեյցարացի աստղաֆիզիկոս, Ժնևի համալսարանի դասախոս, աշխարհի մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր, միջազգային մրցանակների դափնեկիր Միշել Մայորին և Իսպանիայի եվրոպական աստղաֆիզիկական կենտրոնի «Տիեզերքի քիմիական էվոլյուցիա» լաբորատորիայի վարիչ, ծնունդով ԼՂՀ-ից պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, նախօրեին կայացած հանդիպման ընթացքում շվեյցարացի աստղաֆիզիկոսը գոհունակություն է հայտնել ԼՂՀ մայրաքաղաքից ստացած իր առաջին տպավորություններից։

«Երևանում գտնվելիս ես ուրախությամբ տեղեկացա, որ Լեռնային Ղարաբաղում աստղադիտակ է գործում և որոշեցի, առիթից օգտվելով, անպայման այցելել Ղարաբաղ և անձամբ դառնալ այդ նշանակալի փաստի վկան»,- ասաց Մայորը։

Իր հերթին, ԼՂՀ ԱԺ նախագահը նշեց, որ Արցախի պետական համալսարանում աստղադիտակի տեղադրումը կարելի է համարել Լեռնային Ղարաբաղում առաջին գործնական քայլը՝ նպատակաուղղված ուսանողների կրթությանը և գիտական հետազոտությունների անցկացմանը։

Զրույցի ընթացքում հյուրերը հետաքրքրվեցին ԼՂՀ գիտակրթական համակարգով, մասնավորապես, բնագիտության ոլորտի հիմնախնդիրներով։ Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հանրապետությունում միջազգային զբոսաշրջության զարգացման հարցերին։ --0—