Հայաստանում անհրաժեշտ է կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անհրաժեշտ է հատուկ խորհրդարանական լսումներ կազմակերպել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
«Հայ-ռուսական հարաբերություններն այնքան կարևոր են և ունեն այնպիսի լուրջ թաքնված հիմնախնդիրներ, որ դրանք անհրաժեշտ է քննարկել ոչ միայն հոբելյանական տարեթվերի առումով»,- ասաց քաղաքագետը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված բարեկամության, համագործակցության և փոխօգնության համաձայնագրի 10-ամյակը։
Հովհաննիսյանը կարծում է, որ Ռուսաստանին և Հայաստանին կարելի է ռազմավարական դաշնակիցներ համարել Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման ասպեկտում միան այն դեպքում, եթե երկու պետություններն էլ ունեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների ընդհանուր ռազմավարություն և քաղաքականություն։
«Իրականում, հայ-ռուսական հարաբերություններում, կարելի է ասել, որ մեր երկրի համար չափազանց բարդ դրություն է ստեղծվել»,- պնդում է նա։
Քաղաքագետը նշեց, որ Հայաստանը դուրս է մնացել Հյուսիսի և Հարավի միջև զարգացման այնպիսի անցումային հաղորդակցական նախագծերից, ինչպիսիք են TRACEKA և INOGATE.
«Դա պատահական չէ, քանի որ տարածաշրջանում մենք Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցն ենք, որը չի մասնակցում այդ նախագծերին»,- ասաց նա։
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Կարս-Ախալքալակի-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության նախապատրաստական աշխատանքների ավարտին և ընդգծեց, որ եթե այդ նախագիծն իրականություն դառնա, ապա Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շահագործումն ուղղակի անիմաստ է դառնում։
«Նույնիսկ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը չի հանգեցնի Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղու վերականգնմանը, քանի որ այդ նախագծի անհրաժեշտությունն ու կարևորությունը զգալի կլինեն միայն Հայաստանում»,- պարզաբանեց նա։
Վերադառնալով հայ-ռուսական համագործակցության հարցին, Հովհաննիսյանը հայտարարեց, որ հաճոյախոսությունների այն քաղաքականությունը, որն այսօր Հայաստանը վարում է Ռուսաստանի հետ հարաբերություններում, իր մեջ երկակի իմաստ է պարունակում և չի նպաստում Ռուսաստանի հետ իրական, գործնական և դաշնակցային հարաբերությունների ստեղծմանը։
«Մենք բավարարված չենք մոտ 200 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի և համաձայնագրերի ՕԳԳ- ով, որոնք ստորագրվել են երկու երկրների միջև կնքված Համաձայնագրի վավերացումից հետո, քանի որ դրանք ոչ մի կերպ չեն նպաստում Հյուսիսի և Հարավի միջև անցումային նախագծերում Հայաստանի ներգրավմանը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված բարեկամության, համագործակցության և փոխօգնության համաձայնագիրը ստորագրվել է 1997թ. օգոստոսի 29-ին։
«Կարս-Ախալքալակի-Թբիլիսի-Բաքու» նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել երկաթգծային մայրուղու նոր 105-կիլոմետրանոց ճյուղ։ Ենթադրվում է, որ Վրաստանի տարածքում շինարարական աշխատանքները կսկսվեն 2007թ. երկրորդ եռամսյակում, իսկ նախագիծը կավարտվի մոտակա երկու-երեք տարիների ընթացքում։ Նախագծի արժեքն է 422 մլն. դոլար, իսկ հաշվի առնելով ուղեկցող ենթակառույցները՝ 600 մլն. դոլար։
Պաշտոնական Երևանը Կարս-Ախալքալակի-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունը Հայաստանի համար խելամիտ չի համարում՝ հիմնավորելով դա Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղու առկայությամբ։ --0—