Երևանում անցկացվում է ԱՊՀ երկրների իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի նիստը

Երևանում անցկացվում է ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և մարդասիրական օգնության ցուցաբերման նպատակով պետական պահուստի օգտագործման հարցերում ԱՊՀ երկրների համագործակցության զարգացման, փորձի փոխանակման, կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման հարցեր։
Ինչպես նիստի բացմանը հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, Հայաստանը, որպես ԱՊՀ համահիմնադիրներից մեկը, մեծապես կարևորում է ԱՊՀ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծմանն ուղղված ջանքերը։
«Պետական նյութական ռեզերվների համակարգերի նպատակաուղղված գործունեությունը ծառայում է մեր երկրների կայունության, տնտեսության աճի և ազգային անվտանգության ամրապնդմանը», - ասել է Հ. Աբրահամյանը։
Նրա խոսքերով, այս խնդիրների լուծումը անհնար է առանց տարածաշրջանային և համաշխարհային ակտիվ համագործակցության։
«Մենք կայունության ապահովման կարևոր գործոն ենք համարում նաև տարածաշրջանային և համաշխարհային ինտեգրացիոն գործընթացներին մասնակցությունը։ Պետական ռեզերվների բնագավառում համագործակցությունն այս առումով կարևոր դեր ունի», - ասել է նախարարը։
ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի նիստը կտևի երկու օր։
Խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2008 թ.-ին՝ Բիշկեկում։-0-