Լոռու մարզի չորս գյուղերում նկատվում է խոզերի անկում՝ ժանտախտի հետևանքով

23.08.2007, 12:40
Լոռու մարզի չորս գյուղերում նկատվում է խոզերի անկում՝ ժանտախտի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լոռու  մարզի չորս գյուղերում նկատվում է ժանտախտով վարակված խոզերի անկում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, օգոստոսի 22-ին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսական վարչությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարզի Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ և Դսեղ գյուղերում վերջին օրերին նկատվել է խոզերի անկում:

Ըստ մարզային անասնաբուժական ծառայության, նախնական տվյալներով, կենդանիների անկման պատճառը  ժանտախտ հիվանդությունն է եղել:

Փրկարար ծառայությունից տեղեկացրեցին, որ իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Մարզի որոշ հատվածներում սահմանվել են կարանտինային և ախտահանման կետեր:

Ինչպես նախօրեին «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր ՀՀ Անասնաբուժության պետական տեսչության (ԱՊՏ) պետի տեղակալ Գևորգ Թովմասյանը, Տավուշի և Լոռու մարզերում աֆրիկյան ժանտախտի բռնկման կասկած կա։

Նրա խոսքերով,  աֆրիկյան ժանտախտը շատ նման է սովորական դասական ժանտախտին, դրա համար էլ այն դժվար է ախտորոշել։ Նա տեղեկացրեց, որ  Հայաստանը կենդանիների հյուսվածքների նմուշներ է ուղարկել Ռուսաստան և Վրաստան, որպեսզի ախտորոշեն կենդանիների  հիվանդությունը, և մեկ-երկու օրից պարզ կդառնա վերջնական ախտորոշումը։--0--