Հայաստանի Հարկային պետական ծառայության 2007թ. ծրագրերը կկատարվեն ամբողջությամբ

22.08.2007, 17:11
Հայաստանի Հարկային պետական ծառայության 2007թ. ծրագրերը կկատարվեն ամբողջությամբ

Հայաստանի հարկային պետական ծառայության 2007թ. համար նախատեսված ծրագրերը կկատարվեն ամբողջությամբ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց Հայաստանի Հարկային պետական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը շոշափել են 2007թ. պետբյուջեի կատարողականի ընթացքին և հարկային վարչարարության խստացման մեխանիզմներին վերաբերող հարցեր։

Քոչարյանը և Բարսեղյանը քննարկել են նաև կառավարությանն ու Ազգային Ժողովին ներկայացվելիք հարկային օրենսդրական փաթեթը։ Հարկային պետական ծառայության ղեկավարը նշել է, որ փաթեթը միտված է հաջորդ տարի ևս  բյուջեի աճի տեմպերն ապահովելուն:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի պետբյուջեի եկմուտներն ու պաշտոնական տրանսֆերտները կազմել են 244713,1մլն. դրամ (շուրջ 730 մլն. ԱՄՆ դոլար), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 23,7%-ով։

Նույն ժամանակահատվածում հարկային մուտքերը կազմել են 201248,7 մլն. դրամ՝ աճելով 27%-ով, պետտուրքը կազմել է 9096,4 մլն. դրամ՝ աճելով 11,6%-ով, ոչ հարկային եկամուտները՝ 23555,3 մլն. դրամ (աճ 32,6%-ով), իսկ պաշտոնական տրանսֆերտները՝ 742,5 մլն. դրամ՝ կրճատվելով 77,7%-ով՝ 2006թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ։--0—