Հայաստանի քրդերը բողոքում են Իրաքի Քուրդիստանի ստեղծման վերաբերյալ` Թուրքիայի քաղաքականության դեմ
Հայաստանի քրդական ազգային խորհուրդն այսօր Երևանում երթ անցկացրեց՝ Իրաքի Քուրդիստանի ստեղծման վերաբերյալ՝ Թուրքիայի քաղաքականության դեմ։
Մի քանի տասնյակ մարդիկ մայրաքաղաքի Շահումյանի անվան հրապարակից բողոքի երթով գնացել են դեպի ՄԱԿ-ի գրասենյակի շենք, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։
Ինչպես երթի ժամանակ հայտնեց Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, Քուրդիստանի անկախության ձեռքբերման գործընթացը կտրուկ հակազդեցություն է առաջացնում Իրաքի շատ հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի մոտ։
«Պաշտոնական Անկարան անում է ամեն ինչ, որպեսզի Քուրդիստան չստեղծվի։ Այսօր թուրքական իշխանությունները Քուրդիստանին սահմանակից շրջաններ են մտցրել 150-հազարանոց բանակ, որպեսզի թույլ չտան, որ Քուրդիստանի կազմի մեջ մտնի հիմնականում քրդաբնակ Քիրքուկ քաղաքը»,-ասաց Հասանովը։
Քրդական համայնքի ղեկավարը նաև ցավակցություն հայտնեց Իրաքի Շանգալ քաղաքի մոտ օգոստոսի 14-ին բենզինակիրների ահաբեկչական պայթյունի արդյունքում եզդիների մահվան կապակցությամբ։
«Քրդական համայնքը դատապարտում է նման սարսափելի ոճրագործությունները։ Մենք բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում՝ հանդես գալ քրդերի նկատմամբ հետևողականորեն իրականացվող ցեղասպանության դեմ»,-հայտարարեց Հասանովը։
«Հարավային Քուրդիստան» պետության ստեղծումը Իրաքում սկիզբ առավ Սադամ Հուսեյնի վարչակարգի խորտակումից հետո։
Օգոստոսի 15-ին Մոսուլից 120 կիլոմետր դեպի արևմուտք, որտեղ մեծամասամբ քուրդ-եզդիներ են ապրում, գրեթե միաժամանակ պայթեցին չորս ականապատ բեռնատարներ։ Ահաբեկչությանը զոհ գնաց շուրջ 500 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվեցին։--0—