Ռուսաստանից դեպի Հայաստան գազամատակարարումը վերականգնվել է ամբողջ ծավալով. «ՀայՌուսգազարդ»

Ռուսաստանից դեպի Հայաստան գազամատակարարումը վերականգնվել է ամբողջ ծավալով, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» հայ-ռուսական ՓԲԸ մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը։
«Օգոստոսի 21-ին ժամը 01:00-ին վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային վերանորոգման աշխատանքներ կատարելու հետ կապված», - ասաց Շ. Սարդարյանը։
Նրա խոսքերով, ներկայում ինտենսիվ վերականգնողական աշխատանքներ են տարվում հիմնական գազատարի վրա։ «Ինչպես տեղեկացնում են Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունից, շրջանցելով վերականգնվող հատվածը, հնարավորություն է ստեղծվել վերականգնել Հայաստանի գազամատակարումը ամբողջական ծավալով՝ 3 միլիոն խորանարդ մետր գազ մեկ օրում», - ասաց մամուլի քարտուղարը։
Նախօրեին Շ. Սարդարյանը տեղեկացրել էր «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, որ հիմնական գազատարի վերանորոգման աշխատանքների պատճառով ռուսական հազի մատակարարումը դեպի Հայաստան և Վրաստան վեց օրով կդադարեցվի։ Նրա խոսքերով, հայ սպառողների գազամատակարարումը անխափան կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հաշվին։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Գազը Հայաստան մատակարարվում է Վրաստանի միջոցով։
Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։--0—