Վրաստանի հայկական գյուղում վերաօծվել է XIX դարի եկեղեցին
Վերաօծվել է Վրաստանի Ախալքալաքի տարածաշրջանի Բեժանո գյուղի վերականգնված Սուրբ Մինաս եկեղեցին։ Արարողությանը մասնակցում էին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տեր Բաբկեն աբեղա Սալբիյանը, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը։
Ինչպես տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը, եկեղեցին վերականգնվել է Սարգսյան եղբայրների նյութական աջակցությամբ, որոնք ծնունդով Բեժանո գյուղից են։
Վերաօծման արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Ախալքալաքի սակրեբուլոյի (շրջանային վարչության) նախագահ Խաչատուր Այվազյանը, բարերար եղբայրներից մեկը՝ Վասիլ Սարգսյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։
1830 թ.-ին կառուցված եկեղեցին վնասվել էր 1899 թ.-ին տեղի ունեցած երկրաշարժից։ Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել էր 1906 թ.-ին։-0-