Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարգևատրել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախագահին
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը «Սուրբ Սահակ–Սուրբ Մեսրոպ» շքանշանով պարգևատրել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախագահ Հարություն Արմենյանին՝ արգասաբեր գիտա-մանկավարժական և հասարակական գործունեության համար։
Սուրբ Կոնդակի մեջ նշվում է, որ Արմենյանը տասնամյակներ շարունակ անմնացորդ նվիրվածությամբ աշխատել է առողջապահության ոլորտում՝ պատասխանատու պաշտոններ զբաղեցնելով Լիբանանի, Հայաստանի, Օմանի, Գերմանիայի, Իրաքի և շատ այլ երկրների բժշկական և ուսումնական հաստատություններում։
«Առողջապահության արդիկական հիմնախնդիրներին նվիրված Ձեր բազմաթիվ գիտական աշխատություններն արժանացել են մասնագետների բարձր գնահատականին և հրատարակվել են տարբեր երկրներում»,- ասվում է ուղերձի մեջ, որը երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» են տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Սուրբ Կոնդակում նշվում է, որ որպես Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախագահ, Արմենյանը ջանք չի խնայում իր փորձն ու գիտելիքները բարձրակարգ մասնագետների պատրաստման գործին ներդնելու համար, որոնք կարևոր մասնակցություն են ունենալու հայրենիքի կառուցման և զարգացման գործում՝ բարձր մակարդակի վրա պահելով հայկական գիտության վարկանիշը։
«Ձեր գործունեությունը լավ օրինակ է բուհի ուսանողների համար և խթանում է ջանադիր աշխատանքի միջոցով հաջողության հասնելու և հայկական գիտության զարգացման գործին ծառայելու նրանց ձգտումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (American University of Armenia) հիմնադիրներն են Հայաստանի կառավարությունը, Կալիֆորնիայի համալսարանը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը։
ՀԱՀ ուսանողների առաջին հավաքը տեղի է ունեցել 1991թ., շրջանավարտները ստանում են մագիստրոսի գիտական կոչում բժշկության, իրավաբանության, բիզնեսի և կառավարման ոլորտներում, ինչպես նաև ճարտարագետի, լեզվաբանի և դիվանագետի կոչում։
2007թ. մարտի 2-ին ՀԱՀ-ը ստացել է ԱՄՆ դպրոցների և քոլեջների արևմտյան միության (Western Association of Schools and Colleges - WASC) հավատարմագիրը՝ 7 տարի ժամկետով, որն առաջին անգամ է շնորհվել ԱՄՆ սահմաններից դուրս գործող բուհի։ --0—