Երևանում աշխատանքն է սկսել Եվրոպական և ազգային աստղագիտական միությունների JENAM-2007 միացյալ գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում երկուշաբթի աշխատանքը սկսեց եվրոպական և ազգային աստղագիտական միությունների միացյալ գիտաժողովը (Joint European and National Astronomy Meeting – JENAM-2007)։
Ինչպես լրագրողներին հաղորդեց Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) փոխնախագահ, JENAM-2007 կազմկոմիտեի համանախագահ Արեգ Միքայելյանը, նման միջոցառում Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։
«Մեր երկրի պատմության մեջ մինչև օրս չի եղել այս ծավալի և նշանակության գիտական աստղագիտական միջոցառում»,- ասաց նա։
Միքայելյանի խոսքերով, երկրի ներսում գիտության ոլորտի զարգացման հիմնախնդիրների ֆոնի վրա, հայ գիտնական-աստղաֆիզիկոսները հրաշալի կապեր և համագործակցություն են հաստատել եվրոպական և համաշխարհային աստղագիտական կառույցների հետ։
«JENAM-2007-ը Հայաստանի վրա կհրավիրի համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը, և մենք սպասում ենք, որ հանրապետությունում լրջորեն կակտիվանա աստղաֆիզիկայի ոլորտը, մասնավորապես, ուսանողների և երիտասարդ գիտնականների շրջանում»,- ընդգծեց նա։
Ւր հերթին, Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) նախագահ, JENAM-2007 կազմկոմիտեի համանախագահ Յոհաիմ Կրաուտերը (Joachim Krautter) նշեց, որ հայ աստղաֆիզիկոսների, մասնավորապես, Բենիամին Մարգարյանի և Վիկտոր Համբարձումյանի ձեռքբերումներն ու բացահայտումները հայտնի և ընդունված են ողջ աշխարհի գիտնականների կողմից։
«Հույս ունեմ, որ այս միջոցառումը խթան կհանդիսանա հայկական աստղաֆիզիկայի հետագա զարգացման համար, և Հայաստանի կառավարությունը համապատասխան աջակցություն կցուցաբերի գիտության այս ոլորտի զարգացմանը»,- հայտարարեց նա։
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանի խոսքերով, Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել աստղաֆիզիկայի նոր ուղղություններ։
«Արտարեգակնային մոլորակները, աստղասեյսմոլոգիան, բարձր էներգիաների աստղաֆիզիկան այն ուղղություներն են, որոնք մենք պետք է շատ ուշադիր հետազոտենք, ինչպես նաև համագործակցություն հաստատենք Եվրոպայի և աշխարհի մեր գործընկերների հետ»,- ընդգծեց նա։
JENAM-2007-ը, որը կազմակերպել է ԵԱԸ-ը՝ ՀԱԸ-ի հետ համատեղ, անցկացվում է Հայաստանում՝ օգոստոսի 20-25-ը՝ «Մեր անկայուն տիեզերքը» կարգախոսով. խորհրդաժողովին մասնակցում են մոտ 300 գիտնականներ՝ աշխարհի 37 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեքսիկայից, Ճապոնիայից, Բրազիլիայից, Հնդկաստանից, ինչպես նաև եվրոպական երկրներից։
Վեհաժողովի շրջանակներում վեց լիագումար նիստերին զուգահեռ կկազմակերպվեն ութ գիտաժողովներ և ամենաարդիական աստղագիտական թեմաներով վեց հատուկ բաժիններ, մասնավորապես, գալակտիկայի ակտիվ միջուկներ, բարձր էներգիաների աստղաֆիզիկա, երիտասարդ աստղերի բռնկումներ, աստղերի էվոլյուցիա և զարգացում, տիեզերագիտություն, դինամիկ երևույթներ գալակտիկաներում և գալակտիկական միջուկներում, ինչպես նաև աստղաֆիզիկայի համակարգչային ուսումնասիրություններ, գրավիտացիոն ալիքների ուսումնասիրություն և դրանց ճառագայթման պոտենցիալ աղբյուրների ուսումնասիրություններ թեմաներով։--0—