Կորեայի հետ հարաբերությունները մեծ տեղ են գրավում Հայաստանի ասիական քաղաքականության մեջ. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Կորեայի հանրապետության հետ հարաբերությունները մեծ տեղ են զբաղեցնում Հայաստանի ասիական քաղաքականության մեջ, ուրբաթ Երևանում հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանում Կորեայի նորանշանակ դեսպան Լի Կյու Հյունգից (Lee Kyu Hyung, նստավայրը՝ Մոսկվա) ընդունելով հավատարմագրերը։
«ՀՀ նախագահը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների համագործակցության զարգացման դրական դինամիկան, փոխադարձ հետաքրքրության աճը եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում արդյունավետ գործակցությունը»,- ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
Տպավորիչ որակելով տնտեսության տարբեր ոլորտներում Կորեայի հաջողությունները՝ նախագահն ասաց, որ դրանք ուսանելի օրինակ կարող են լինել անցումային շրջանի դժվարությունները հաղթահարող մեր երկրի համար:
Իր հերթին դեսպան Հյունգը նշեց, որ հիացած է Հայաստանի բազմադարյա պատմությամբ ու մշակույթով:
Դիվանագետի խոսքով, իր երկիրը շահագրգռված է իր առաջարկած բազմաթիվ ուսուցողական, փորձի փոխանակմանն ու երկրի զարգացմանն ուղղված ծրագրերում Հայաստանի առավել ակտիվ ներգրավմամբ:--0—