Շուշիում սեպտեմբերին կանցկացվի մշակույթի միամսյակ

15.08.2007, 14:34
Շուշիում սեպտեմբերին կանցկացվի մշակույթի միամսյակ
Շուշիում սեպտեմբերին կանցկացվի մշակույթի միամսյակ

Շուշիում սեպտեմբերին ծրագրվում է կազմակերպել մշակույթի միամսյակ։ Այս մասին երեքշաբթի Լեռնային Ղարաբաղի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, ծրագրված են մշակութային մի շարք միջոցառումներ, այդ թվում՝  ռոք-փառատոն՝ հայկական խմբերի մասնակցությամբ։ Բացի այդ, վերջերս բացված «Երևան» կինոթատրոնում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա հայկական և արտասահմանյան ֆիլմերի ցուցադրություն։

«Այս ակցիայի՝ պատշաճ մակարդակով անցկացման համար «Շուշիի վերածնունդ» հիմնադրամը, երիտասարդների մասնակցությամբ, իրականացնում է քաղաքի սանիտարական մաքրում, մասնավորապես, Ղազանչեցոց եկեղեցու շրջակայքում», - ավելացրել է Գ. Հովհաննիսյանը։

«Շուշիի վերածնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2006 թ. գարնանը՝ Շուշի քաղաք-ամրոցի վերականգնման նպատակով, որը յուրահատուկ դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում։

Շուշին մեծությամբ Լեռնային Ղարաբաղի երկրորդ քաղաքն է, որը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա։ Առաջին անգամ Շուշին հիշատակվում է XVIII դարում, երբ հիմնադրվել է ամրոցը։

Շուշիում են գտնվում տարբեր մշակույթների պատկանող եզակի  ճարտարապետական հուշարձաններ, այստեղ ծնվել և մեծացել են բազմաթիվ հայտնի ազգային և հասարակական գործիչներ։-0-