Հայաստանի երկու մարզերում տեղացած ուժեղ կարկուտը վնասել է ցանքատարածքներ և բնակելի տներ
Նախօրեին Հայաստանի Արագածոտնի և Շիրակի մարզերում տեղացած ուժեղ կարկուտը վնասել է գյուղատնտեսական ցանքատարածքներն ու բնակելի տները, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։
Մասնավորապես, երեքշաբթի կարկուտի հետևանքով վնասվել են Նորաշեն, Հնաբերդ, Գեղադիր, Բերքառատ, Գեղարոտ, Ծիլքար, Դերեկ եւ Օրթաճյա գյուղերի հացահատիկի ու կարտոֆիլի ցանքատարածքները: Մարզպետարանի կողմից կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու համար:
Նույն օրը Շիրակի մարզի Արևշատի և Սպանդարյանի գյուղապետերից տեղեկություն է ստացվել այն մասին, որ ժամը 21:00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով Արևշատ գյուղում վնասվել են գյուղատնտեսական ցանքատարածքները, ջարդվել տների տանիքներն ու պատուհանների ապակիները:
Սպանդարյան գյուղում աղետի հետևանքով վնասվել է 35 հա մակերեսով ցորենի արտը, կոտրվել են 2 տան և 1 անասնագոմի տանիքները:
Մարզպետարանի կողմից կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու համար:-0-

