Մինչև 2010թ. մալարիան Հայաստանում վերացված կլինի
Մինչև 2010թ. մալարիա հիվանդությունը Հայաստանում վերացված կլինի։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության վարակիչ և տարածվող հիվանդությունների բաժանմունքի պետ Լիլիթ Ավետիսյանը։
Նա նշեց, որ Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որն իր առջև նպատակ է դրել՝ վերացնել մալարիան։
Ասատրյանի խոսքերով, հայ մասնագետները հետազոտել են Հայաստանում մալարիայի դինամիկան՝ 150 տարվա կտրվածքով։ «Շատ հիվանդություններ անհրաժեշտ է դիտարկել 100 տարվա կտրվածքով, և այսօր մենք ուսումնասիրում ենք այդ դինամիկան, որը ցույց է տալիս Հայաստանի հաջողություններն այդ ուղղությամբ»,- ասաց նա։
Հայաստանում մալարիայի հատկապես զանգվածային բռնկում է դիտվել անցյալ դարի 20-ականներին, երբ մահացել է 100 հազար մարդ։ Մալարիան հանրապետությունում վերջնականապես հաղթահարվել է 1983թ.-ին, իսկ 2005թ.-ին Հայաստանում գրանցվել է հիվանդության 7 դեպք։ Մալարիայի օջախը Հայաստանում Արարատյան դաշտավայրն է։
2006թ. հունիսին ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում տեղական մալարիայի դեմ պայքարի միջոցառումների ցանկը, որոնք ուղղված են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների անցկացմանը, հիվանդների ժամանակին հայտնաբերմանը, նրանց պատշաճ բուժմանը, նախադեպերի կանխարգելմանը։ Ծրագրի հիմնական մասը մալարիայի կրող-մոծակների բազմացման տարածքների հայտնաբերումն է, հասուն առանձնյակների և նրանց սաղմերի ոչնչացումը։
Ամեն տարի աշխարհի ավելի քան 100 երկրներում մալարիայով հիվանդանում է 300-500 մլն մարդ, նրանցից 1,3 միլիոնը մահանում է։ Հիվանդության հարուցիչը մարդկանց է փոխանցվում մալարիայով վարակված միջատի խայթոցից։ --0--