Եղեռնի ճանաչումը ԱՄՆ-ում չի ազդի ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա

14.08.2007, 16:20
Եղեռնի ճանաչումը ԱՄՆ-ում չի ազդի ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա

Եղեռնի ճանաչումը ԱՄՆ-ում չի ազդի ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա։ Երեքշաբթի հայ-թուրքական հարաբերություների վերաբերյալ քննարկման ժամանակ այս կարծիքը  հայտնեց պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական Jane’s Information Group (Վաշինգտոն) կենտրոնի փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը։

Նրա խոսքերով, երկու երկրների հարաբերությունները, դառնալով «իրաքյան պատերազմի առաջին զոհը», այսօր արդեն բավականին լարված են։

Գիրագոսյանի կարծիքով, Հայոց եղեռնի ճանաչումը չի կարող որևէ բան փոխել ամերիկա-թուրքական հարաբերություններում։

«ԱՄՆ-ի՝ ցեղասպանության նկատմամբ դիրքորոշումը պայմանավորվում է ոչ թե Թուրքիայի հանդեպ վախով, այլ այդ երկրի արտաքին քաղաքական կուրսով»,- ասաց  նա։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։

Բանաձևը ԱՄՆ նախագահին կոչ է անում ճիշտ կերպով արտացոլել և ներկայացնել մարդու իավունքներին, էթնիկ զտումներին, ցեղասպանությանը, և, մասնավորապես, Հայոց Ցեղասպանությանը (որը հավաստող փաստաթղթեր կան ԱՄՆ արխիվներում) վերաբերող հարցերը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության  փաստը ճանաչվել է շատ երկրների, ինչպես նաև ԱՄՆ 40 նահանգների կողմից։–0—