Ղարաբաղում հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննություն է հանձնել 775 մարդ
ԼՂՀ-ում հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննություն է հանձնել 775 մարդ, Ստեփանակերտում լրագրողներին հայտարարեց ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարար Կամո Աթայանը։
«Այս ուսումնական տարին լարված էր, հատկապես դպրոցների տնօրենների, կրթական համակարգի ղեկավար աշխատողների, հայոց լեզվի և գրականության ուսուցիչների համար», -ասաց նա։
Աթայանը հայտնեց, որ միասնական պետական քննության արդյունքների վերաբերյալ ստացվել է ընդամենը 3 բողոք։ «Այս տարի դիմորդների թիվը բավականին մեծ էր՝ 1005։ Նրանց թվում էին բանակից զորացրված պատանիներ, ինչպես նաև դիմորդներ Հայաստանից և այլ երկրներից, որոնք ընդունվել են Արցախի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներ»,- նշեց նա։
Նախարարը դժգոհություն հայտնեց, որ 1005 դիմորդներից 225-ը ստացել են անբավարար գնահատականներ։ «Սա բավականին մեծ թիվ է։ Շատ ֆակուլտետներում, որոնք հանրապետության համար արժեքավոր են, գրանցվել են ազատ տեղեր», ավելացրեց նա։
Աթայանի խոսքերով, մասնավորապես, դա վերաբերում է ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, մաթեմատիկայի, գյուղատնտեսության և անասնաբուծության ֆակուլտետներին։
«Լեռնային Ղարաբաղը գյուղատնտեսական երկիր է, և մեզ պետք են լավ մասնագետներ գյուղատնտեսության ոլորտում։ Սակայն մեր հասարակությունը, մեր կրթական համակարգը, մեր դպրոցները, ուսուցիչները այդպես էլ չկարողացան կատարել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք՝ շրջանավարտների մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ»,- ասաց Աթայանը։
Միաժամանակ նա փաստեց, որ քննաշրջանի ընթացքում ամենաբարձր արդյունքները գրանցվել են օտար լեզուներից՝ անգլերենից և ռուսերենից։
Ընդհանուր առմամբ, նախարարը դժգոհ է նաև ղարաբաղցի դիմորդների՝ պետպատվերի շրջանակներում Հայաստանի բուհեր ընդունելությունից։
«7-8 մասնագիտություններ, որոնց կարիքն այսօր ունի մեր տնտեսությունը, մնացել են թափուր։ Հիմնական մրցույթը հետևյալ մասնագիտություններից էր՝ միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, տնտեսություն, քաղաքագիտություն և արևելագիտություն»,- նշեց Աթայանը։
«Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասական պետական քննությունն (ՄՊՔ) առաջին անգամ անցկացվել է Ստեփանակերտում 2007թ. հունիսի 1-ին։ ՄՊՔ-ն միաժամանակ և միջնակարգ կրթության ավարտական, և բուհական ընդունելության քննություն է՝ հայոց լեզվից և գրականությունից։
2006-2007թթ. ուսումնական տարում Լեռնային Ղարաբաղի դպրոցներն ունեցել են 2200 շրջանավարտ։ --0—

